Foto

Ի՞նչ աներ իշխանությունն Արցախի հայաթափման տարելիցին կամ ի՞նչ անի հայն՝ ի պատասխան

Կառավարության հերթական նիստն էր։ Վարչապետ Փաշինյանը գրեթե բոլոր նիստերից առաջ անդրադառնում է երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությանը, հանրությանը ներկայացնում իր կարծիքը՝ անձրևների հետևանքով առաջացած հեղհեղումներից միչև հիշատակի օրեր, տարբեր դրական և բացասական իրադարձություններ։ Այսօր նաև Արցախի ամբողջական հայաթափման տարելիցն է։ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց սովորականի նման՝ անցնելով օրակարգի հաստատմանը, զեկուցվող և չզեկուցվող հարցերի փաթեթների ընդունմանը։ Արցախի հայաթափմանը չի անդրադարձել նաև սոցիալական ցանցերի իր էջերում՝ ինչն ընդունելի ֆորմատ է իր համար։

Երկրի ղեկավարի այս պահվածքը խոսում է այն մասին, որ այս իշխանության համար Արցախ գոյություն չունի, նրանք փակել են Արցախի էջը, մոռացել են, որ իրենք այդ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորություն ունեն։ Գոնե այսօր լավագույն առիթն էր, որ ՀՀ իշխանությունը բարձրացներ արցախցիների ետ վերադարձի հարցը։ Գոնե այսօր միջազգային հանրության ուշադրությունը պետք էր հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտման փաստի վրա, հենց այսօր պետք էր անուն առ անուն կարդալ զոհերի անունները, նկարները ձեռքներին Եռաբլուր այցելել, անհետ կորածների հարազատներին տրամադրել Հանրային հեռուստաընկերության ամբողջ եթերաժամանակը, աշխարհի բոլոր երկրներում ՀՀ դեսպանություններին պետք էր մասնակից դարձնել այս գործընթացին։ ՀՀ դեսպանները նաև նրա համար են, որ խոսեն ու գոռան նմանատիպ իրադարձությունների մասին։ Տարբեր երկրում Ադրբեջանի դեսպանատների մոտ բողոքի ձայն պիտի հնչեր։ Սակայն այս ամենի փոխարեն ՀՀ իշխանության ներկայացուցիչները նույնիսկ Եռաբլուր չայցելեցին, բավարարվեցին միայն ԱԳՆ հայտարարությամբ, որտեղ ոչ մեկից, ոչինչ չեն պահանջում, արցախահայության վերադարձի մասին անգամ ակնարկ չկա։

Սա հավանաբար արվում է նրա համար, որ Ադրբեջանի իշխանությանը հաճոյանան, այն նույն բովանդակությամբ, ինչի համար, որ Արցախը զիջեցին։ Այն իբր «խաղաղության պայմանգիրը», որ հիմա փորձում է կնքել այս իշխանությունը, սեփական իշխանությունը պահպանելու համար՝ այս աստիճան ստորացումների և ուրացումների գնով։ Իսկ երբեմնի անպարտելի բանակ ունեցող, իր սեփական երկրով հպարտացող ժողովրդին ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅԱՆ պայմանագիր պե՞տք է, թե հենց սրա դեմ է պետք ընդվզել, հայ ժողովուրդը հենց այս հարցին պետք է պատասխանի, միայն թե մինչ ոորոշում ընդունելը պետք է հիշի, որ  Արցախի գերազմանոցներ այսօր ծաղիկ տանել չի լինում, որ ընդամենը 2 օրից՝ ՀՀ անկախության օրը, Արցախում ո՛չ դրոշ կծածանվի, ոչ՛ էլ Եռագույն․․․

Հեղինակ: Աննա Ավետիսյան