Հայաստանի իշխանությունները, բացառությամբ մի քանի կցկտուր «մկկոցի», ոչ մի բառ չեն արտաբերել Արցախի բռնի հայաթափման ու ադրբեջանցիների կողմից իրականացված ու շարունակվող ցեղասպանության տարելիցի առիթով:
Ես չէի էլ սպասում, որովհետև նախ ասելիք չունեն, և երկրորդ՝ այդ ի՞նչ պետք է ասեն, որ բան փոխվի:
Այն, ինչը տեղի ունեցավ մեկ տարի առաջ, բացառապես Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեղավորությունն է: Սա չի քննարկվում, թեև կգտնվեն ոմանք, որ կմեղադրեն ռուսներին, եվրոպացիներին կամ էլ թուրքերին: Այո, նրանց ազդեցությունը եղել է, բայց Հայաստանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետությունը համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը և ոչ մի երրորդ ուժ չէր կարող ստիպել Փաշինյանին՝ հրաժարվել Արցախի պաշտպանությունից, եթե ինքը դա չցանկանար:
Այդ Փաշինյանն էր, որ դրդեց Ադրբեջանին՝ սանձազերծել 44-օրյա պատերազմը, Փաշինյանն էր, որ մի քանի անգամ մերժեց պատերազմը նպաստավոր պայմաններով ու բնագծերում դադարեցնելու միջնորդական ջանքերը, Փաշինյանն էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, առանց մի կրակոցի, հանձնեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, Փաշինյանի բանավոր համաձայնությամբ թշնամին կլանեց Կովսականն ու Ջրականը և կանգնեց Սյունիքի մարզի գլխավերևում:
Փաշինյանն էր, որ հայկական զորքը դուրս բերեց Արցախից, Փաշինյանն էր, որ Արցախի խնդիրը փոխարինեց իր նեխած մարմնի մի տեղից հանած «խաղաղության խաչմերուկով», Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Եվ վերջապես, Փաշինյանն էր, որ ամեն ինչ արեց՝ զրոյացնելու ռուս խաղաղապահների նշանակությունն ու առաքելությունը, Փաշինյանն էր, որ հանդուրժեց Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի գոյությունը, Փաշինյանն էր, որ Արցախի սովալլուկ մանուկների աչքի առաջ բեռնատարներով սննդամթերքը մի ամիս կանգնեցրեց Հակարի անցակետում, Փաշինյանն էր, որ հայտարարեց, թե Արցախի համար Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ չի մտնի և բառացիորեն թշնամու «ողորմածությանը» հանձնեց 120 հազար արցախցուն:
Հիմա նա ի՞նչ պետք է ասի, ի՞նչ խոսքեր պետք է արտաբերի իր արյունոտ երախից:
Գաղտնի կեղտ ուտողը միայն լռում է, երբ մյուսները հայհոյում են կեղտակերին: