Երեկ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «անականկալ» այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Դժվար չէ կռահել, որ ռուս-իրանական հարաբերությունները ներառում են նաև Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Մասնավորապես, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը խափանել է հայկական կողմը, անուղղակիորեն ակնարկեց, որ իրենք շահագրգռված են այդ միջանցքի գոյության հարցում: Իհարկե, ՌԴ-ն ցանկանում է վերահսկողություն ունենալ «միջանցքի» վրա՝ դրա հնարավոր գոյության դեպքում: Սակայն Իրանը սկզբունքորեն է դեմ «միջանցքի» գոյությանը և բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են իր համար, և որ դեմ են ցանկացած սահմանային փոփոխության, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով: Նրանք նույնիսկ պատրաստ են Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի համար իրենց երկրի տարածքով ճանապարհ տալ, բայց Սյունիքի տարածքով «միջանցքն» Իրանի համար կարմիր գիծ է: Սպասելի էր, որ, Լավրովի հայտարարությունից հետո, Իրանը խստորեն նախազգուշացրեց Ռուսաստանին՝ ակնարկելով, որ տարածաշրջանային հարցերում ռուս-իրանական համագործակցությունը կարող է վտանգվել:
Եվ ահա Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցում
Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում ասվում է, որ տարածաշրջանային հարցերում, Իրանի հետ համագործակցության
ուղղությամբ,
ՌԴ
քաղաքականությունը չի փոխվել: Ավելին,
Շոյգուն և իրանցի իր գործընկեր Ալի Ահմադիանը առանձնահատուկ քննարկել են դեպի Ադրբեջան
տանող տրանսպորտային ուղիների և միջանցքների (ընգծումը՝ խմբ.) նկատմամբ Իրանի դիրքորոշումները:
Հայաստանի իշխանությունների
վարած ակնհայտ հակառուսական քաղաքականությունը ստիպում է Ռուսաստանին որոշակի մեղմ
քաղաքականություն վարել Ադրբեջանի հետ, որում մեծ դերակատարում ունի հատկապես Թուրքիայի
գործոնը: Բայց Ռուսական դիվանագիտությունը ստիպված է հաշվի նստել նաև տարածաշրջանում
իր ակնհայտ դաշնակցի՝ Իրանի կարծիքի հետ: Իսկ դա դուր չի գալիս Ադրբեջանին ու Թուրքիային:
Հիշեցնեմ, որ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը «Ղրիմի հարթակում» հայտարարեց, որ Ղրիմը
պետք է վերադարձվի Ուկրաինային, իսկ շատ թուրք քաղաքական գործիչներ հայտարարում են,
որ Ղրիմը կարող է լինել կա՛մ թուրքական, կա՛մ ուկրաինական: Ադրբեջանն էլ իր հերթին է
հակառուսական դեմարշ արել՝ այդ երկրի իշխանություններին մեղադրելով իր մի քանի քաղաքացիներին,
իբր, բռնի ուժով ռուսական զինուժում հավաքագրելու մեջ:
Այսպիսով՝ Հայաստանի ճակատագիրը
նորից հայտնվել է տարածաշրջանային տերությունների շահերի կենտրոնում, որը մեզ տեսական
հնարավորություն է տալիս իրավիճակային շտկումներ անել Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Սակայն ոչ մեկը երաշխիք չունի, որ պաշտոնական Երևանը մի օր կհայտարարի, թե «միջանցքի»
հարցն արդեն քննարկել ու համաձայնեցրել է Ադրբեջանի հետ և, որ երրորդ երկրի միջնորդության
կարիքը չի զգում: Այդպես եղավ Պրահայում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, որով «խաղից դուրս» թողեց
Ռուսաստանի միջնորդությունն ու Ադրբեջանին հնարավորություն տվեց բռնի հայաթափել ու
օկուպացնել Արցախը: