Foto

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին ելույթ կունենան բացառիկ մեծության երաժիշտներ. Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 99-րդ համերգաշրջանը բացում է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը: Փառատոնի բացումը կկայանա սեպտեմբերի 12-ին, փակումը՝ հոկտեմբերի 30-ին:

Լրագրողների հետ հանդիպմանը Հարոլդ Քլարքսոնն ասաց, որ մաեստրո Էդուարդ Թոփչյանի առաջարկով է Հայաստանում։

«Ուրախ եմ, որ Էդուարդ Թոփչյանի հետ փառատոնի գեղարվեստական ղեկավարն եմ։ Տարբեր նվագախմբերի, երաժիշտների համար եղել եմ խորհրդատու։  Մի քանի տարի առաջ մաեստոր Թոփչյանը հրավիրեց Հայաստան՝ օգնելու Ֆիլհարմոնիկ նվագախմբի ծրագրերը կազմելուն և իրագործելուն։

Հիանալի նվագախումբ է։ Մեծ պատիվ է օգնել նման նվագախմբին՝ հետագա ծրագրերի առումով։ Կարևորում եմ, որ դրսում շատ իմանան այս փառատոնի մասին ու շատ ավելի հայտնի մարդիկ գան ու մասնակցեն Հայաստանի երաժշտական կայնքին, քանի որ Հայաստանի նվագախմբային երաժշտության մակարդակը շատ բարձր է, դրա մասին անպայման պետք է իմանան արտասահմանում»,- ասաց Հարոլդ Քլարքսոնը։

Այս տարվա փառատոնի հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Ինգո Մեցմախերը (դիրիժոր), Իլյիչ Ռիվաս (դիրիժոր) և այլոք:

Խոսելով փառատոնի ծրագրի մասին՝ Հարոլդ Քլարքսոնն ասաց. «Նախաձեռելով այս փառատոնը՝ նպատակ ունեինք Էդուարդ Թոփչյանի հետ հրավիրել ոչ միայն հայտնի երաժիշտների, նաև անծանոթ երաժիշտների։ Ամեն փառատոն ունի նաև կոնցեպցիա, որի շուրջ պետք է կառուցվի ողջ ծրագիրը։ Այս տարի մեր ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների  ստեղծագործությունները։

Չեխիան էլ Հայաստանի նման փոքր երկիր է, աշխարհին տվել է  հայտնի կոմպոզիտորների, որոնց երաժշտությունը ողջ աշխարհում կատարվում է»։

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում կհնչեն չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ինչպիսիք են Դվորժակը, Սմետանան, Յանաչեկը, Մարեկ Կեպրտը և Լուբոշ Ֆիշերը: Բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից, փառատոնի ընթացքում կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս›» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:  Ծրագրված են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, տեղի կունենան նաև հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր:

Փառատոնի հանդիսավոր բացմանը՝ սեպտեմբերի 12-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա անվանի ջութակահարուհի Արաբելլա Շտայնբախերը: Նա կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի նաև Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից և Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ հիանալի արտիստներ են մասնակցելու մեր փառատոնին։

«Փառատոնի մասնակից երաժիշտները բացառիկ մեծություններ են։  Պլասիդո Դոմինգոն էլ այս տարի լինելու է  մեր փառատոնի շրջանակներում, նաև համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Ինգո Մեցմախերը։ Հրաշալի համերգներ են սպասվում»,- ասաց Է. Թոփչյանը։