Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը
մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ
Առուշ Առուշանյանի նկատմամբ։
«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ
դատարանը 2022 թվականի մարտի 28–ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու
իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։
ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատազրկման
մեկ օրի դիմաց»,–ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ
Մելքոնյանը։
Առուշանյանը հումորով է մոտենում իրեն
1 տարի 8 ամսի 3 օր կալանավորելու որոշմանը։
«1 տարի 8 ամիսը հումորով կասեմ` «շակալադնի»
է։ Եթե նախադեպը չկա, ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ։ Մենք մեր գաղափարների
մեր սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ Մի բան կարող եմ ասել` մեր
ոգին անկոտրում է, սա մեր համար ոչ մի բան է»,–ասաց նա։
Առուշանյանի պաշտպանական թիմը նշում էր, որ նա ընտրված է ժողովրդի
կողմից և պետք է շարունակի ղեկավարել Գորիս համայնքը։
Խնդիրն այն էր, որ դատարանի վճիռը գործում
էր 2022թ-ից, սակայն կալանքից դուրս գալուց հետո Առուշանյանը շարունակեց պաշտոնավարել,
դրա մասին պատկան մարմինները նույնիսկ չէին հիշում։
Ուշագրավ է, որ վերջերս Առուշանյանը Գորիսում դիմավորեց Նիկոլ Փաշինյանին, միասին
շրջեցին քաղաքում և այլն։ Նրա այս քայլը միանշանակ չընդունվեց, հատկապես, որ իշխանությունը
հենց նրան էր մեղադրում նոյեմբերի 9-ից հետո
Սյունիք այցի ընթացքում Փաշինյանին «սունյաց ողջյուններով» դիմավորելու համար։ Ասում
էին կազմակերպիչը հենց Առուշանյանն է, թեև որևէ ապացույց չներկայացվեց։ 2021թ արտահերթ
խորհրդարանական ընտուրթյուններում Առուշանյանի հաղթանակից հետո, նրան մեղադրանք առաջադրեցին
«Հայաստան» դաշինքի օգտին աշխատելու համար, իսկ պաշտպանական թիմը եղելությունը որակում
էր, որպես քաղաքական հետապնդում։ Այդպես էր ընկալում նաև համաքաղաքացիների մեծամասնությունը։
Այդ ամենից հետո Փաշինյանին ձեռքսեղմումով և ժպիտով դիմավորող Առուշ Առուշանյանն
այսօր հայտարարում է, որ իր սկզբունքների և գաղափարների համար է բանտ գնում և պատրաստ
է դրան։
Իսկ ի՞նչ եղավ, որ Պրոբացիայի ծառայությունը որոշեց դատարան հայց ներկայցնել և
համայնքապետին կալանքի տանել։ Հավանաբար իշխանությունը մտածել է, որ Առուշ Առուշանյանի՝
իրենց ջերմ ընդունելը, զղջման ժեշտ է և նրանից այլ սպասելիքներ են ունեցել, որը համայնքապետը
հրաժարվել է կատարել։ Հավանաբար այդ ջերմ ընդունելությունն
էր պատճառը, որ իրեն աջակցող քաղաքական ուժից այս անգամ Առուշանյանը, գոնե հրապարակավ, աջակցություն
չստացավ։
Նախորդ գրեթե բոլոր նիստերի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն
Քոչարյանը Սյունիքում էր և աջակցում էր նրան։ Այսօր Քոչարյանն ու ընկերները ոչ միայն
Սյունիք չմեկնեցին, այլև աջակցող ոչ մի ժեստ չարեցին։









