ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրում է․
Վերջին ժամերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում, որոնք վկայում են, որ Հորմուզի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, շարժվում է դեպի կարգավորում։ Առնվազն, տպավորություն է, որ կարծես, ինչ-որ լուծում գտնվել է։
Հիշեցնեմ, որ Իրանը պնդում է իր իրավունքը՝ գանձելու վճարներ բոլոր այն նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ նեղուցն ունի երկու ափ և երկրորդ ափը պատկանում է Օմանին։
Օմանի Սուլթանությունը, հավանաբար, դեմ չէր լինի ևս մեկ եկամտի աղբյուր ունենալ, սակայն չի ցանկանում սրել իրավիճակը և առայժմ որևէ վճար չի պահանջում նավարկությունների դիմաց։ Հատկապես, որ ներկայիս իրավիճակը Օմանին տալիս է առանձնահատուկ միջնորդի դեր։
Կողներից ոչ մեկը չի ցանկանում նախադեպ ստեղծել՝ նեղուցով անցնող նավերից պարտադիր վճարներ գանձելու հարցում, քանի որ դա կարող է խաթարել գործող միջազգային պայմանավորվածությունների համակարգը, բացասական ազդեցություն ունենալ վառելիքի համաշխարհային շուկայի վրա, ինչպես նաև հեռուն գնացող հետևանքներ ունենալ։
Դրա փոխարեն, առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որը կֆինանսավորվի Ծոցի երկրների և այս երթուղուց օգտվող եվրոպական պետությունների կողմից։ Հավաքված գումարները կուղղեն նավարկության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և որոնողա-փրկարարական աշխատանքների ծախսերի ֆինանսավորմանը։ Նման մոդել գործում է Մալակկայի նեղուցում։
Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի վերաբերյալ 60-օրյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր կնքելուն, և Սպիտակ տունը կարող է դրա մասին հայտարարել արդեն առաջիկայում։
Ըստ ժամանակավոր համաձայնագրի՝ Ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային (իրանական) երթուղով, իսկ Ծոցից դուրս եկողները՝ հարավային, (օմանական) երթուղով։ Միաժամանակ կողմերը կսկսեն ականազերծել ջրային տարածքը և բանակցություններ կվարեն մշտական համաձայնագրի շուրջ։
Ընդհանուր առմամբ, այս դրական զարգացումների մեջ կա հանգամանք․, և ըստ հրապարակումների՝ Իրանի իշխանության առավել կոշտ դիրքորոշում ունեցող շրջանակները դեռևս համաձայնություն չեն տվել այս համաձայնագրի վերաբերյալ։
Հուսանք, որ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա և նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում երկարատև խաղաղության շուրջ վերջնական բանակցությունների համար:









