Foto

Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի սուբյեկտայնությունը վերացնելու համար


Հայաստանի այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի սուբյեկտայնության հիմքերը վերացնելու համար: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, թե պետք է լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը։ Ըստ Սիմոնյանի, իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի։ Ընդդիմության հակափաստարկներին էլ պատասխանել է, թե Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է՝ իրենց պաշտոնյաների որոշմամբ, ու իրավահարաբերությունները և ընդհանրապես հարաբերությունները հնարավոր են, երբ որ կա երկու կողմ: «Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել...», - ասել է նա։

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն էր պնդել, որ Հայաստանում միայն մեկ իշխանություն կա, հակառակը մտածողներին էլ սպառնացել էր ԱԱԾ-ով։ Խորհրդարանի նախագահն էլ հայտարարել է, թե «
Լեռնային Ղարաբաղի նախագահ» եզրույթ իր համար գոյություն չունի այլևս:

«Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է և այլևս որևիցե նախագահ, որևիցե կառավարություն, պատգամավոր իրավազորություն, իրավունք Հայաստանի Հանրապետությունում չունի և չի ունենալու», - ասել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև կարծում է, թե հարկավոր է վերանայել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։ Այդ միակ շենքում են հանգրվանել Արցախի ընտրված իշխանության ներկայացուցիչները, հանդիպումներ են կայանում տեղահանված արցախցիների հետ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուզում է այդ շենքն էլ խլել՝ Արցախին զրկելով պետականության բոլոր ատրիբուտներից։