Foto

Իշխանության պարտությունը կամ ինչո՞ւ նորանշանակ փոխնախարարը չի պարզաբել, թե ի՞նչ է անում իր ձեռքին Ռոբերտ Քոչարյանի գիրքը

Համացանցում օրերս շրջանառվում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի, Ռոբերտ Քոչարյանի դստեր և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը։

Պարզվում է այն քաղաքական այնպիսի հարցեր է առաջացրել, որ փոխնախարարը ստիպված է բացատրություն տալ դեռևս 2019թ-ին արված համակուսրսեցիների հետ լուսանկարի համար։ Նա մասնավորապես գրում է․ «Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Նա Գայանե Քոչարյանի անունն անգամ չի տալիս, թեև, ինչպես ինքն է ասում, համակուրսեցիներ են եղել, չի խոսվում նաև Արփինե Հովհաննիսյանի մասին, ով ևս լուսանկարում է և ընդդիմադիր հայացքներով ավելի շատ է աչքի ընկնում և խանգարում իշխանությանը, քան Գայանե Քոչարյանը, ով երբևէ քաղաքական ոչ մի հայտարարություն չի արել, նույնիսկ այն ժամանակ, երբ հայրը կամ եղբայրը բանտում էին, նրանց նկատմամբ քրեական վարույթներ էին հարուցվում։ Չի խոսել նույնիսկ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, որտեղ հանդես է գալիս, որպես պատասխանող։

Փոխնախարարի տողերում մի հստակ շեշտադրում կա, որ երբևէ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սա իշխանության համար կարծես քրոնիկ է՝ ով երբևէ հանդիպել է կամ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ, այլևս երբեք «ուղղվելու», դարձի գալու ճանապարհ չունի։ Այդ պատրվակով հեռացրին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, այդ միջոցը կիրառվում է բոլորը ընդդիմադիր շարժումների ժամանակ, երբ բոլոր առաջնորդներին վերագրվում է Քոչարյանի հետ հանդիպումը։ Պարզապես հանդիպումը, առանց բովանդակության շեշտադրման։ Եթե այսպես շարունակվի, աշխատանքային կենսագրության մեջ, արդեն անհրաժեշտ կլինի նշել․ «չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ»։ Այնպես, ինչպես Սովետական Միությունում ասում էին, որ Ամերիկայում բարեկամներ չունեն։

Փոխնախարարին, հստակ ասվել է, որ այդ մասին հանրային տեղեկացնի։ Իհարկե, ցավալի է, որ իրավաբանին՝ ընդ որում, իրավաբանական հանրության և գործընկերների կողմից դրական կարծիքի արժանացած աձնավորությանը, ինչ-որ բան պարտադրում են և նա կատարում է։

Սա իշխանության պարտությունն է Ռոբերտ Քոչարյանից, նրա ստվերից անգամ խուսափում են։ Կուրսընկերների հավաքն անգամ բացատրության պատճառ է դառնում։ Բայց մի քանի հարցի փոխնախարարը մոռացել է պատասխանել՝ ի՞նչ գործ ունի իրենց կուրսի հավաքին Քոչարյանի գիրքը՝ այն էլ իր ձեռքում և արդյո՞ք 200 կուրսընկերոջ հետ էլ նման նկարներ ունի։

Դե իսկ վերջում՝ փոխնախարարը չի մոռանում հատուկ շնորհակալություն հայտնել իրենց վարչապետին, իրեն այդ պաշտոնում նշանակելու համար․ «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»:

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան