Իշխող
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ է Եվրամիությանն անդամակցության
հանրաքվեի գաղափարին այս փուլում։ Այդ փաստը, սակայն, չի խանգարել արևմտամետ
քաղաքական ուժերին դիմել ԿԸՀ՝ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքի
հնարավորություն ստանալու համար: Եթե հանձնաժողովը տասնօրյա ժամկետում գրանցի
նախաձեռնող խմբին, ապա նրանք, ըստ Սահմանադրության, կունենան 60 օր՝ անհրաժեշտ 50
հազար ստորագրությունը հավաքելու և իրենց հեղինակած՝ «Եվրոպայի միությանը
Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան
ներկայացնելու համար:
Խորհրդարանի
մերժման դեպքում «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ստիպված պետք է լինի ևս 250
հազար ստորագրություն հավաքելու՝ հարցը խորհրդարանը շրջանցելով հանրաքվեի դնելու
համար։ Մեծ հավանականությամբ, ՔՊ-ն, անգամ 50 հազար ստորագրություն հավաքելու
դեպքում, դեմ է քվեարկելու հանրաքվեին։
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է՝ Եվրամիության անդամակցության հարցն օրենքով չի կարգավորվում, այլ կառավարության հայտով: Ըստ Եղոյանի, Հայաստանի կառավարությունն առաջիկա առնվազն կես տարում Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի:
Այնպես չէ,
որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում դիմել Եվրամիության անդամակցության համար,
պարզապես հասկանում է, որ իր գրպանի արևմտամետները կարող են ինչ-որ պահի դուրս գալ
վերահսկողությունից, իսկ ԵՄ անդամակցության թեման շահագործելով, ավելի մեծ
քաղաքական դիվիդենտներ կշահեն։ Ուստի, Փաշինյանը որոշել է ինքը ԵՄ անդամակցության
հարցով ինքը դիվիդենտներ շահել։ Ըստ ամենայնի, իշխանությունն ամեն ինչ անելու է՝
ստորագրահավաքը ձախողելու համար:









