Մադրիդի «Ռեալի» նորեկ, 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է առաջին գոլերը Լա Լիգայում։ Չորրորդ տուրում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը տանը Մբապեի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով պարտության է մատնել «Բետիսին»։
«Հրաշալի պահ է։ Ես հույս ունեի գոլ խփել աշխարհի լավագույն եւ լեգենդար ստադիոնում, բայց ամենակարեւորը հաղթանակն է։ «Լաս Պալմասի» հետ ոչ ոքի արդյունքից հետո կարեւոր էր հաղթել այս խաղում։
Վալվերդեն այնպիսի փոխանցում կատարեց մեկ հպումով, որ ես նույնիսկ չեմ կարող նկարագրել տեղի ունեցածը։ Ես արձագանքեցի եւ զգացի, որ գնդակը կհասնի ինձ եւ գոլ խփեցի։
Մենք պետք է ավելի ամբողջական թիմ դառնանք եւ հաղթենք, քանի որ մրցակիցները եւս հաղթում են։
Ես ինձ գերազանց եմ զգում։ Երջանիկ եմ, քանի որ մարդիկ հոգատար են։ Ոմանց համար առանց գոլի երեք խաղը քիչ է, բայց ինձ համար շատ է։ Մարդիկ ակումբում եւ ֆանատներն աջակցում էին եւ վստահություն հաղորդում ինձ։ Հույս ունեմ, որ ավելի շատ գոլեր կխփեմ եւ կարժանանամ ծափահարությունների»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
Չորս տուրից հետո «Ռեալը» 8 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։