ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 4 մլն 400 հազար դրամ՝ Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի՝ Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական տուն 1 շենքի ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության մատուցման համար։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում և ենթակա է փոխարինման: Հաշվի առնելով, որ նախնական մասնագիտական գնահատմամբ ջրագծերի համակարգի փոխարինման շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը գերազանցում է 70 մլն դրամի շեմը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է կազմակերպել և իրականացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգի փոխարինման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման գործընթացը:
Ի կատարումն նշված հանձնարարականի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ԱՐԽԻ ԹՈՒԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև օգոստոսի 5-ին կնքվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության մատուցման N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-24/67 պետական գնման պայմանագիրը 4 400 000 (չորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:









