Foto

Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն. «Սրբազան պայքար»

«Սրբազան պայքար» շարժումը  հայտարարություն է տարածել արցախահայության՝ հայրենիքի վերադարձի օրակարգի մասին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգ. Արցախի և արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛:

Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը և արցախահայության խախտված իրավունքների (թե՛ անհատական, թե՛ հավաքական), այդ թվում և առաջին հերթին՝ համապատասխան անվտանգային երաշխիքներով արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնմանը:

Իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձև. Ադրբեջանի հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» հայեցակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել: Կարգավորումը պիտի հիմնված լինի արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա և չի կարող ձեռք բերվել ի հաշիվ որևէ կողմի արժանապատվության: Հարաբերությունների կարգավորման գործընթացը պիտի հավասարապես հաշվի առնի բոլոր կողմերի շահերը: Եվ հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»: