Foto

ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանը համարում են կազմակերպության դաշնակից. գլխավոր քարտուղար

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ-ի անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — հայտարարել է Մասադիկովը։

Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքը դադարեցնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։

Հիշեցնենք, որ Երևանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Կազմակերպության կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում այդ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակներում քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության այլ մարմինների որոշումները, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ բացառել այն կազմակերպությունից։ Այդպիսի հարցերի վերաբերյալ որոշումները տվյալ անդամ պետության նկատմամբ ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։