Հ-26, /Մ-4/ - Ենոքավան – Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Փաշինյանը, որը արդեն երկրորդ օրն է Տավուշում հետեւում է իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նրա խոսքով՝ կառավարությունը 6.3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացրել է 642 մլն դրամ:
«Ինքը մեծ նախագիծ է, ասենք ոնց որ տնտեսության համար նոր տարածք բացես, որը նախկինում գոյություն չի ունեցել ու դա իմ կարծիքով շատ կարեւոր բան է: Հետո, մենք մեր ճանապարհների ռազմավարության մասին որ խոոսում ենք՝ երկու տրամաբանություն կա, որ մեր եղած ճանապարհները լայնացնենք, բայց երկրորդ տրամաբանությունն այն է, որ զուգահեռ ճանապարհներ կառուցենք, որ մարդը միշտ էլ այլընտրանք ունենա: Բայց նաեւ մենք պետք է օրենսդրական կարգավորում տանք, կամ եթե կան խստացնենք, որ ճանապարհամերձ տարածքներում շինարարությունները խիստ սահմանափակվեն: Շատ խոսվում է դրա մասին, ասվում ա մի քիչ քամահրանքով, ա ասֆալտ անել, ասֆալտ անել, բայց ճանապարհը նույնիսկ գեղագիտական ընկալումն է փոխում, էլ չեմ ասում, որ առանց ճանապարհի տնտեսական զարգացումը հնարավոր չէ»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է փոխել ճանապարհի հանդեպ ընկալումը, քանի որ ճանապարհը քաղաքակրթության առաջին նախապայմանն է:









