Foto

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայություն. Զելենսկին և Թրամփը պայմանավորվել են հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հանդիպման մասին։ Սակայն ժամկետը եւ հանդիպման ձեաչափը առայժմ հայտնի չեն, ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հեռուստամարաթոնի  եթերում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։ Նա նշել է, որ ձեռք է բերվել Զելենսկու եւ Թրամփի հանդիպման «սկզբունքային համաձայնություն»։

«Քննարկել են որոշակի ժամկետ, երբ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ, բայց դրա մասին վաղ է ասել։ Արդեն թիմերը կաշխատեն եւ կհամաձայնեցնեն մանրամասները եւ ժամանակացույցը, երբ  դա հնարավոր կլինի»,- ասել է մամուլի քարտուղարը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի թեկնածուն կարող է գալ Ուկրաինա, Նիկիֆորովը պատասխանել է. «Վաղ է խոսել այդ մասին։ Իսկապես քննարկվել է, երբ այն (հանդիպումը- խմբ.) պետք է տեղի ունենա եւ որտեղ, բայց կոնկրետություն ձեւաչափի, ժամանակի եւ տեղի մասին դեռ չկա»։

Ինչպես նշել է Նիկիֆորովը, Զելենսկին Թրամփին կոչ է արել չհավատալ այն երկրների ներկայացուցիչներին, որոնք փորձում են բացատրել կամ արդարացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը Թրամփին պատմել է հուլիսի 19-ին Նիկոլաեւին հասցված հարվածի, ինչպես նաեւ Կիեւում «Օխմատդետ» հիվանդանոցի գնդակոծության մասին։

«Թրամփն ասել է, որ դա իր ֆիրմային արտահայտությունն է՝ չհավատալ ֆեյք նորություններին այն մասին, որ իր հաղթանակն ընտրություններում կարող է շահեկան լինել Ռուսաստանին։ Նա այդ թեզն անվանել է ֆեյք նորություն եւ կոչ է արել չհավատալ դրան»,- ավելացրել է Նիկիֆորովը։