Foto

Ի՞նչ ընդհանրություններ կան նախկին պաշտոնյաների պաշտոնանկությունների պատճառներում

Էկոնոմիկային նախկին նախարար Վահան Քորոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ վերադառնում է մասնավոր բիզնես և, թիվս այլնի, իր գրառման մեջ նշել է «Ես, նախարար եղած ժամանակ, մեծ կարևորություն եմ տվել պետություն-մասնավոր երկխոսությանը, որպեսզի հնարավորինս ուժեղանան տարբեր միությունները, ասոցիացիաներն ու ակումբները, որոնք կարող են հակակշիռ լինել պետական կառույցներին՝ դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց։ Դրան հասնելու համար հաճախակի և պարբերական են եղել հանդիպումները և համագործակցությունը ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ նմանատիպ կազմակերպությունների հետ, որի արդյունքում լուծվել են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, ինչպես նաև կանխվել են բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ։ Նման կազմակերպությունների ուժեղանալը նաև կարևորագույն հենասյուն է ժողովրդավարության կայացման համար»։

Քերոբյանն արձանագրում է, որ փորձել է պետություն-մասնավոր այնպիսի երկխոսություն ստեղծել, որ դրանք իրար հակակշռեն, իսկ օրվա իշխանությանը դա պետք չէ։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի «տուգանքի մատերիալ» քաղաքացին հստակ գիտակցի, որ ինքն, առանց այս իշխանության, ոչինչ է։ Բիզնեսին էլ պարբերաբար մեսիջներ է ուղարկվում հենց կառավարության նիստերից, որ եթե այս իշխանությունը դադարի պաշտոնավարել, ապա նախկին ռեժիմը կգա ու իրենցից կխլի ամեն ինչ՝ բնավ հաշվի չառնելով, որ հակերն օր օրի ավելանում են և փոքր ու միջին բիսնեսն էլ օր օրի նվազում՝ դադարեցնում է իր գործունեությունը կամ եղածը վաճառում է խոշոր բիզնեսին և վերջ։

Նախկին նախարարի խոսքով ամեն ինչ արել է, որ միությունները հակակշիռ լինեն պետական կառույցներին՝ «դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց»։ Սա ակնարկ է, որ պեւթյունը, մինչ Քերոբյանը և հավանաբար դրանից հետո էլ «կոմնակալ և չհիմնավոված» որոշումներ է կայացնում։ Իր խոսքով՝ նախարար եղած ժամանակ կանխվել են նաև «բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ»։

«Բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ» միտքը կամ դրա մասին ակնարկներն անում են պաշտոնը թողնող գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։

Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստում մասնավորապես ասվում էր «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն էլ դարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառը «Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։ Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը»։

Անհավասարակշիռ հրամանների մասին խոսել են պաշտպանության նախկին նխարարներ Արշակ Կարապետյանը, Դավիթ Տոնոյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյնանը, թիկունիքի նախկին պետ Մովսես Հակոբյանը և այլն։ Անհավասարակշիռ որոշումների ակնարնկեր կան նաև ԱԳ նախկին նախարարների և փոխնախարարների հեռանալու պատճառներում։

Տրամաբանական հարց է առաջանում. եթե պաշտոնյաները հեռանալիս, իրարից անկախ խոսում են, առնվազն ոչ ճիշտ, ոչ կոմպետետենտ և անհավասարակշիռ, որոշ դեպքերում հակապետական կառավարման մասին, գուցե խնդիրն հիմնական կառավարո՞ղն է։ Այս տարիների ընթացքում չկա գեթ մեկ նախարար կամ բարձրաստիճան պաշտոնյա, որ նշանակվել է 2018թ-ին և դեռ շարունակում է պաշտոնավարել։ Եթե մեկ մարդու հետ բոլորը չեն ցանկանում աշխատել կամ, աշխատելուց հետո, չեն ցանկանում շարունակել այդ աշխատանքը, առնվազն պետք է դիտարկել այն վարկածը, որ խնդիրն հենց այդ  մեկ մարդու մեջ է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան