Այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է: Համայնքի բնակիչները, նրա գործընկերները, նրան պարզապես ճանաչողները, այսօր նաև համացանցային տարբեր գրառումներով են հիշել «բոլորի համայնքապետ»-ին:
Նրա դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, գրում է. «Ես շատ կուզեի այս խոսքերը ասել Քեզ բարձրաձայն, կուզեի գրկել Քեզ ամու՜ր, ամու՜ր, բայց այս խոսքերը գրում եմ և ուղարկում երկինք, որտեղ Դու ապրում ես Աստծո կողքին…
Քո ծննդյան օրը Դու նաև ստեղծեցիր ընտանիք, և այսօր քո 42-րդ ամյակի հետ լրացավ նաև մեր ընտանիքի 23-րդ տարին: Պապաս ու Մամաս ծանոթացել են դպրոցում և Պապաս պատմում էր, որ դա սեր էր առաջին հայացքից։ Որոշ ժամանակ անց Պապաս սիրո խոստովանություն է արել մայրիկիս՝ ասելով. «Աստված ասումա, որ մենք իրար հետ պետքա լինենք» և ևս մեկ ապացույց, որ Աստված Պապայիս ողջ կյանքի ընթացքում ուղեկից էր։
Պապաս ընդամենը 41 տարվա ընթացքում այնպիսի կյանք ապրեց, որ շատ-շատերը դարեր անգամ ապրեն՝ կեսի կես չեն կարողանա ապրել։ Եվ իրոք՝ ինչ էլ որ լինի իմ Հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ և չունի ոչ ոք…:
Պապ ջան, Մամ ջան, շնորհակալ եմ, որ մեր համար եղաք ամենամեծ սիրո օրինակ, և Պապաս ասում էր. «Մառ` ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, մենակ փեսեքս սիրեն աղջիկներիս նենց, ոնց ես եմ քեզ սիրում» :
Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ Պապ ջան»:









