«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, առաջ քաշելով իշխանափոխության հարցը, մատնանշեց, որ մեր երկրի բոլոր խնդիրների աղբյուրը օրվա իշխանությունն է: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում, մասնավորաբար, անդրադառնում ենք «ներկա իշխանություն-ներդրումների բացակայություն» զուգահեռմանը և դիտարկմանը, թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, երբ երկրում իշխանափոխություն լինի: Նա նախ ընդգծում է՝ շարժմանը շատ են փորձում քաղաքական ենթատեքստ տալ, բայց այն վերքաղաքական է: «Այս իշխանության՝ յուրաքանչյուր վայրկյան ավելի Հայաստանի կառավարման ղեկին մնալը մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար»,-նշում է մեր զրուցակիցը: Տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ. «Տարեսկզբից ասում էինք՝ բյուջեից մի ոգևորվեք, որ 350 միլիարդ դրամ ավելացում են արել, հիմա ակնհայտ երևում է, որ բյուջեի պլանը չեն կարողանում կատարել: Դրան պետք է հաջորդի հարկադրույքների բարձրացումը: Արտաքին առևտրի հետ կապված՝ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում Հայաստանը հետ է քաշվել, որևէ մասնակցություն կամ ճկունություն չի դրսևորում, արդեն ակնհայտ է, որ դա ազդել է տնտեսության վրա: Այն ժամանակ, երբ և ՌԴ-ից IT ոլորտը տեղակայվեց Հայաստանում, որոշակի աշխուժացում մտցվեց, այժմ դուրս են եկել, շատ քիչ մասն է մնացել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի միջին և միջինից մի քիչ բարձր խավը կապիտալն անընդհատ դուրս է տանում Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ դրսում բնակարան գնելու մակարդակով անընդհատ Հայաստանից կապիտալ է արտահոսում: Սա ցուցիչ է, որ տնտեսության վիճակն անընդհատ վատանում է: Տնտեսությունն այն նուրբ օրգանիզմն է, որի վիճակը վատանալով՝ կարող է որոշակի ժամանակահատված պահանջվել, որ յուրաքանչյուր անձ կամ տնային տնտեսություն զգա բացասական հետևանքները: Սննդի արդյունաբերության անընդհատ նվազումը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: Դեռ իներցիայով գնում է առաջ»:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։