Այս օրերին հանրային ողջ
ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Տավուշն ու այնտեղ տեղի ունեցող զարգացումները,
որոնք ամեն օր մի նոր իրողության առաջ են մեզ կանգնեցնում։ Այսօր ունենք մի այնպիսի
իրավիճակ, երբ իշխանությունը, ակնհայտ ստի ու կեղծիքի ֆոնին, փորձում է տավուշցիներին
համոզել, թե «իրենք ունենալու են անառիկ ու ֆիքսված սահման»։ Փաշինյանը հպարտորեն հայտարարում
է, թե, «մենք ոչ թե Ադրբեջանին 4 գյուղ ենք հանձնում, մենք չորս գյուղը վերցնում ենք
Ադրբեջանից, որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն չէ, որպես փաստարկ Հայաստանի
դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու այն ըմբռնմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության
մեջ կարող են շահագրգռված լինեն ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես
թշնամի, այլև նրանք, ում մենք համարել ենք, համարում ենք կամ կհամարենք բարեկամ»։
Ըստ էության, սա փաշինյանական
կեղծիքի ու «մուտիտի» գագաթնակետից անդին է, երբ մարդն ուղղակի բացառապես թյուրքական
թեզի տիրաժավորման բացառիկ դրվագ է ներկայացնում։ Ի դեպ՝ այս ֆոնին բնավ բացառելի չէ,
որ առաջիկայում ադրբեջանական կողմից առաջ կքաշվի նոր պահանջների տրցակ։ Ալիևը օրերից մի օր էլ նշի, թե, քանի որ Փաշինյանն ընդունում
է, որ Տավուշի այդ գյուղերը «ադրբեջանական» են, նշանակում է ՀՀ-ն օկուպանտ է և 30 տարուց
ավել օկուպացրել է «Ադրբեջանի սուվերեն տարածքը», որին էլ, իր հերթին, կհաջորդի պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Լրիվ տեսանելի է այն սցենարը, որ Ադրբեջանը
Հայաստանից կպհանջի ռեպարացիաներ և կոնտրիբուցիաներ, որոնք, ըստ ամենայնի, փաշինյանական իշխանությունը կփաթաթի ժողովրդի վզին։
Բացի դրանից, Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի տեղում խեղդի զանկացած համախմբան փորձ․ իր քարոզչությանն ու վարձու գրչակներին հանձնարարել է անվանարկել դաշտում առկա բոլորին անխտիր, միաժամանակ խաղարկում է տարբեր մեքենայություններ և սցենարներ և ժողովրդին համոզում, թե «ամեն ինչ լավ է լինելու»։
Փաշինյանը փորձում է այնպիսի տպավորություն թողնել, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում այն ինչ տեղի է ունենում Տավուշում, բայց ամենժամյա ռեժիմով նրան զեկուցում են տեղում իրավիճակը, թե ովքեր գնացին, ինչ թեզեր գեներացվեցին, որից էլ նա անում է համապատասխան եզրակացությունն ու տալիս հերթական ազգակործան հանձնարարականը։ Ի դեպ՝ տեղեկություններ կան նաև, որ նա ոստիկանությանն ու ողջ իրավապահ համարագին կոնկրետ հրահանգ է իջեցրել, հատկապես Երևանում, չհանդուրժել որևէ ակցիա, տեղում ջարդել ու բոլորին «փռել ասֆալտին»։
Մենք այսօր սահմռկեցուցիչ
օրեր ենք ապրում․ թերևս եզակի օրինակ ենք աշխարհում, երբ պետություն ունենալով հանդերձ՝
շարունակում ենք պետականությունը փրկելու ջանքեր անել․ սա քաղաքագիտական նոնսենս
է, որի մասին հետագայում քաղաքագիտական միտքը պետք է միանշանակ խոսի։
Արմեն Հովասափյան