Foto

Ինչո՞ւ է Նիկոլը վախենում փողոցից

Ուղիղ վեց տարի առաջ այս օրերին Երևանի փողոցներում իսկական քաոս էր, ամենուր փակված ճանապարհներ, տարբեր հանրային ակցիաներ, դասադուլներ, գործադուլներ, մարդիկ պատուհաններից Նիկոլի նկարներն էին կախում, «դուխով» կեպկաներ դնում։ Ինքնամոռաց վակխանալիան, որն ավելի շատ միջնադարյան պանդոկի հարբած գինարբուք էր հիշեցնում, ուղղորդվում էր կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հենց նա էր մարդկանց անհնազանդության կոչ անում, հորդորում պառկել ասֆալտին, մտնել մեքենաների տակ, տարբեր բարիկադներ սարքել և թմբուկի խելագար զարկերի տակ մերժել օրվա իշխանությանը։ 

Այս պատմությունը թերևս ոչ մեկի համար նորություն չէ, մենք դա տեսել ենք մեր աչքով, փուլ առ փուլ ապրել այդ դժոխքը (ոմանք նաև մասնակցել են, հուսով եմ հիմա մեծ զղջում են ապրում նման ազգակործան ծրագրին իրենց մասնակցության համար), սակայն դրա մասին չէ, որ այսօր ցանկանում եմ խոսել, այլ նրա, որ փողոցից եկածը սարսափում է փողոցից։

Իր կառավարման վեց տարիներին ամբողջ պետական ինստիտուտները փոշիացրած, ազգային արժանիքները ոտքի տակ տված, երկրի դարպասները ներսից բացող հակահայերի խմբակն այսօր կախված է սեփական աթոռից ու ամեն ինչ անում է այն, հնարավոր բոլոր տարբերակներով, պահելու համար։ 

Երբ 10 օր առաջ նա այցելեց Ոսկեպար-Կիրանց-Բաղանիս համայնքներ, ժողովրդին «վստահեցրեց», թե, առանց նրանց մասնակցության, ոչ մի գործընթաց չի անելու, շեշտել, թե «ես ձեր տան տղեն եմ, բա ամոթ չի՞, որ ես ձեր թիկունքում որևէ բան անեմ»: Դե գյուղացիներն էլ գլխիկոր հավատացել էին։ Բայց, ընդամենը 4 օր անց, Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրապարակում է քարտեզ, որտեղ նշվում է, թե սահմանազատումը որ հատվածում է արվելու, ինչ բնագծերով և պետք է ավարտվի մայիսի 15-ին։ Հենց այս դրվագն էլ առիօթ հանդիսացավ ժողովրդական բողոքի ինքնաբուխ գործողություններին: Ինքնաբուխ, քանի որ, ինչպես տեսնում ենք, ոչ մի քաղաքական ուղղորդում փաստացի գոյություն չունի գործողությունների միակ շարժիչ բևեռը եկեղեցին է։

Հիմա, ըստ էության, ի՞նչ պատկեր ունենք մարդիկ բողոքում են, դժգոհում Նիկոլի արած քայլերից, պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, որը չի համապատասխանում ՀՀ օրենքներին։ Սրան գումարած՝ ՀՀ տարբեր հատվածներում մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ հստակ գիտակցելով, որ, մի որոշ ժամանակ անց, հենց իրենք են հայտնվելու նմանօրինակ մի իրավիճակում։ Սա ակնահյտ է, քանի որ Նիկոլն ու իր կամակատարներն ինչքան էլ ասեն, թե «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր չի տրվում», սա ոչ մի հավատ չներշնչող պնդում է։ Մարդիկ զզվել են նիկոլական «կռուտիտներից» ու էժան ստից և անում են իրենց կոնկրետ քայլերը։

Նիկոլն ինքն իր հերթին վախերի մեջ է՝ նա հասկանում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, փողոցում պայթելու է Բաղրամյան պողոտայում և իր համար ունենալու է անդառնալի, իսկ հայ ազգի համար՝ փրկության նշանակություն։ Նիկոլը կորցնելու է իշխանությունը, դա ակնհայտ է, երևում է մարդկանց դեմքի արտահայտությունից, իսկ ինքն ամեն ինչ անում է՝ շարժումը բնում խեղդելու համար, քանի որ սարսափում է փողոցից։ Փաշինյանի միակ հենարանը ուժայիններն են, ավելի կոնկրետ՝ ոստիկանական մի քանի ստորաբաժանում, որոնք ենիչերի կեցվածքով մարդկանց փռում են ասֆալտին ու հաղթանակած նետում մեքենաների մեջ: Սա է այսօրվա հայաստանյան իրականությունը։

Արմեն Հովասափյան