Արդեն վեցերորդ օրն է,
ինչ Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ գերլարված․ մարդիկ արդարացիորեն
իրենց բողոքի ձայնն ու անհամաձայնություն են հայտնում՝ Փաշինյանի կողմից իրականացվող
զիջումներին։ Նրանք բողոքում են Փաշինյանի կողմից իրենց խաբելու և գլխների տակ «փափուկ բարձ» դնելու հետ կապված, նշում,
թե ամեն ինչ նախապես պլանավորած է եղել, և այն, ինչ արվել է, թատերական ներկայացում էր՝
նախապես մշակված սցենար։
Հատկանշական է այն, որ վերջին 2-3 օրերին հանրապետության տարբեր
հատվածներում փակվեցին միջպետական մայրուղիներ, այդ թվում՝ մոտ մեկ ժամ փակ է եղել Բավրայի
անցակետը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հանրային դժգոհության ալիքի համար առկա
են բոլոր նպաստավոր պայմանները, ավելին, ժողովուրդն արդեն, կարծես թե, հասկանում է, որ
անվտանգային ռիսկը չոքելու է իրենց դռանը և հիմա՝ ոչ մի քայլ չձեռնարկելով և անտարբեր կեցվածք
ընդունելով, որոշ ժամանակ անց կանգնելու է փաստի առաջ։ Սա, ի դեպ, ամենափայլունը
հասկանում է հենց Նիկոլը, քանի որ նա նման գործընթացների մեծագույն մասնագետ է և բոլորից
լավ է ճանաչում հանրությանը, հստակ գիտե, թե ինչ հոգեբանական կառուցվածք ունի այն։
Այս ամենը գիտակցելով՝ երբ չի բացառվում, որ մի քանի օրից
հնարավոր է իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և իր սիրելի ու հլու ծառա ոստիկաններն
այլև ֆիզիկապես ի վիճակի չլինեն որևէ խնդիր լուծել, Փաշինյանը գործի է դրել
ընթացիկ գործողությունները ներսից քանդելու ավանդական մեթոդը։
Ասվածի վառ օրինակը Բագրատ Սրբազանի անձի շուրջ տեղի ուենցող
անհոդաբաշխ բամբասանքի ու մտացածին միֆերի տարափն է, երբ ամեն կերպ թեման փորձում են զրոյացնել՝
սրբազանին «գործակալ», «ռուսական շահերը սպասարկող» և այլ կարգի ստոր մեղադրանքներ
տիրաժավորելով։ Մյուս կարևոր հատվածը իշխանական քարոզիչների և դիմակավորված ընդդիմադիր
խաղացող «անձնակազմի» կողմից հնչող մտքերն են, թե «Տավուշում կասկածելի գործընթացներ են
տեղի ունենում»։ Ոմանք, անուղղակի կերպով, տարբեր դավադրապաշտական թեզեր են գեներացնում՝ սլաքները թեքելով ռուսական շրջանակների
կողմը, որպեսզի հանրային տիրույթում հերթական հակառուսկան չափաբաժինը բաց թողնեն և պատրանք ստեղծեն, թե «այս ամենը ուղղորդվում է ռուսների կողմից»։ Սա, ինչպես ասացի, սցենարի
մյուս տարբերակն է։
Երրորդ և ամենազազրելի, ես կասեի՝ եղկելի, սցենարը, որը հաճախ խաղարկվում է Նիկոլի կողմից, սեփական ընտանիքը առաջին
պլան բերելու և թիրախ դարձնելու փաստն է (բոլորս ենք հիշում Աշոտիկի հայտնի դրվագն
ու դրա շուրջ բարձրացած աղմուկը)։ Երեկ արդեն ականատես եղանք այդ «պերֆոմանսի» հաջորդ արարին, երբ
Աննա Հակոբյանը, փոքր դստեր հետ, չգիտնես ինչու, միայնակ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ «հարգանքի» տուրք մատուցելու՝ փայլնուն իմանալով, թե հանրային ինչ արձագանք է սպասվում իր ներկայությունից։
Դա ամենից լավ գիտեր Նիկոլն անձամբ, սակայն խաղարկեց այս պարտիան՝ հանրային ուշադրությունը
շեղելու, որոշակի «գոլորշի բաց թողնելու» համար։ Ինչպես քանիցս ասել եմ, նա մեծագույն
ժանգլյոր է, հիպնոս անող կախարդ, ով կարողանում է վայրկենապես պարալիզացնել դիմացինին
և ենթարկել իրեն։ Երեկ նա դա իրականացրեց՝ կնոջն ուղղորդելով գազազած ամբոխի մեջ։ Այս
կերպ Փաշինյանը փորձում է խղճահարության զգացմունքային ֆոն ապահովել՝ փոքր երեխայի
ներկայությամբ «թուրք» ու «ցեղասպան» կոչեր հնչեցնելը հանրայնացնելով։
Այստեղ արդեն հրապարակ է գալիս տեղի ուենցածի շղթայական հետևանքը,
երբ որոշ շրջանակներ սկսեցին պաշտպանել Հակոբյանին ու դստերը՝ տեղի ունեցածը ոչ կոռեկտ դրսևորում որակելով։ Հակոբյան Աննային պաշտպանողները, թերևս, մոռացել
են, թե ինչպես էր ուղիղ 6 տարի առաջ նույն այս օրերին, նույն Նիկոլը հրապարակներում
հայտարարում, թե զանգեք ՀՀԿ-ականներին, հրապարակում էր բոլորի հեռախոսահամարները, նշում,
թե սպառնացեք, որպեսզի իրեն ընտրեն վարչապետ։ Դագաղների, թաղման տեսարանների, տարբեր
զազրելի լոզունգների մասին ասելն անիմաստ է, երբ դպրոցներում ծաղրում էին ՀՀԿ-ականների
զավակներին, ովքեր ստիպված էին լացակումաց գնալ տուն։ Սա է Նիկոլի դեմքը, սա է նրա
գործելաոճը, երբ սեփական իշխանությունը պահելու, հակահայկական օրակարգը կյանքի կոչելու
համար նա զոհասեղանին է դնում նաև սեփական ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս դստերը։
Արմեն Հովասափյան