Երևան-Մարգարա ավտոճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Մեր համբերության բաժակը լցվել է: Ստիպած ենք դիմում այս ծայրահեղ քայլին: Չգիտենք՝ որ կառույցին դիմենք: Ում դիմում ենք՝ մեր ականջներից լապշա են կախում ու հարցը չի լուծվում: Ոռոգման ջրի համար միշտ էլ կանոնավոր վճարումները կատարել ենք, հիմա ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մեր հարցին հստակ պատասխան չտան»:
Տեղում ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ՝ ճանապարհը բացելու համար։