Անցնող երկու օրվա իրադարձությունների առանցքային
թեման կապված է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահների դուրս
բերման հետ, որն, անշուշտ, աշխարհաքաղաքական բաղադրիչ է և դեռ իր հետևանքների
մասին ազդանշաններ կունենա։ Սրա մասին ավելի հստակ կդառնա առաջիկայում, իսկ ներկա դրությամբ Ադրբեջանն իր ոտքի տակ ական է դնում։
Ամենայն հավանականությամբ,
Ռուսաստանն ու Ադրբեջանը որոշումներ են կայացրել, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե
կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, քանի որ ռուսական կողմը հստակ
օրակարգ ուներ այդ բանակցությունների համար, և, եթե չի հաջողվել այն քննարկել, ավելին՝
խաղաղապահները տարածաշրջանը լքում են նախատեսվածից շուտ, ապա թերևս պարզ է, որ ադրբեջանական
կողմը հարցերը սուր է դրել, ստացվում է, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ չեն կիսել և
կան տարաձայնություններ։
Ի դեպ՝ վերջին շրջանում թվում էր, թե Ադրբեջանն այս հարցն առանձնապես
չի շահարկում՝ հասկանալով նաև, որ կոնտինգենտի դուրս գալուց հետո Արևմուտքը գուցեև բարձրացնի արցախահայերի իրավունքների, հետ վերադառնալու ու երաշխիքներ
ստեղծելու հարցը, որի դեպքում անհրաժեշտություն է լինելու տեղակայել որոշակի կոնտինգենտ.
այս դեպքում Արևմուտքը կհավակնի նման կոնտինգենտի։ Նշենք նաև, որ իշխանական քարոզիչները,
որոնք կոկորդ էին պատռում ռուս խաղապահների դուրս գալու մասով, և նշում, թե այնտեղ
կտեղակայվեն շվեդներ, կանադացիներ և չգիտեմ էլ ինչ այլ ազգերի ներկայացուցիչներ, այս
օրերին լուռ են՝ ոչ մի ձայն։
Ըստ էության, այս փուլում խաղաղապահների ելքը Արցախից խոսում
է ռուսական օրակարգի թուլության մասին, սա բարդացնում է արցախահայերի հնարավոր վերադարձի հարցի բարձրացումը
և ամրապնդում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ ստեղծած ստատուս-քվոն։ Բանն այն է, որ առանց արտաքին ներկայության՝
բարդ կլինի ընդհանրապես վերադարձի հարց բարձրացնել: Հենց այդ հարցն է փորձում սրանով
չեզոքացնել Ադրբեջանը՝ հստակ հասկանալով, որ այն օրակարգում է։ Մյուս կողմից՝ այն իրավիճակում,
որում ներկայումս Ռուսաստանն է, բարդ էր ակնկալել, որ լուրջ ռեսուրս է ներդնելու
այս բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու և Ադրբեջանի հետ խնդիրներ ստեղծելու
համար, հատկապես, երբ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայիս անհեռանկար փուլում
են։
Հատկանշական է այն, որ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման
մեկնարկին զուգահեռ՝ տեղեկություններ են տարածվում Աղդամում ռուս-թուրքական համատեղ
մոնիտորինգային կենտրոնի գործունեության դադարեցման մասին։ Այս մասին հաղորդում են
ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Դատելով այս լուրից՝ կարող ենք եզրակացնել, որ խաղապահների՝ Արցախի օկուպացված տարածքից
ամբողջովին դուրս գալու թեման, այնուամենայնիվ, ամբողջությամբ հստակեցված է։
Կարևոր է ընդգծել, որ վերը նշված երկու գործընթացներն ուղիղ փոխկապակցված են: Ռուս-թուրքական կենտրոնը պատերազմից հետո ստեղծվեց, որպեսզի Թուրքիան ևս ներկայություն ունենա Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում՝ ՌԴ խաղաղապահներին զուգահեռ։ Ինչպես տեսնում ենք՝ այս կենտրոնն իրականում որևէ էական դերակատարություն չունեցավ՝ բացառությամբ նրա, որ ապահովեց ներկայություն՝ Թուրքիայի համար։
Արմեն Հովասափյան