Foto

Հեռացող խաղաղապահն ու չգնահատված իրավիճակը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ավարտում են իրենց առաքելությունը և դուրս են գալիս իրենց տեղակայման վայրերից։ Ինչպես հայտնի է՝ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչև 2025 թվականը, և, ըստ այդմ, «կողմերից մեկի առարկության դեպքում դուրս էին գալու» Արցախից, սակայն, աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից և Արցախն ամբողջովին հայաթափվելուց հետո, խաղապահները, որոնք տեղակայվել էին մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, այլևս փաստացի ոչ մի գործառույթ չունեին։ Ավելին, տարբեր տեղեկությունների համաձայն, վերջին ամիսների ընթացքում անգամ նրանց շարժն ամբողջությամբ վերահսկվում էր ադրբեջանանցիների կողմից։

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Արցախի ժամանակավոր կորուստն ունեցավ երեք հիմնական փուլ․ առաջինը 44-օրյա պատերազմն էր, երկրոդը՝ սեպտեմբերի 19-ի վերջին հարձակումն ու բռնագաղթը և երրորդը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Արցախի օկուպացված տարածքներից: Աներկբա է, որ խաղաղապահների հեռանալով կորցնում ենք արժանապատիվ վերադառնալու հույսից կառչելու հնարավորությունը՝ առավել տևական ժամանակով, քան, եթե Արցախում թուրքականից բացի լիներ որևէ այլ ներկայություն: Թերևս քննարկման ենթակա չէ այն, որ խաղաղապահների դուրս գալուց հետո Թուրքիան և Ադրբեջանը լիակատար կլցվեն Արցախ:

Հայաստանը և ՀՀ քաղաքացիները սկսել են վճարել այն ծանր գինը, որից կարող էին և պարտավոր էին խուսափել, քանի դեռ հանդուրժում են Փաշինյանի իշխանությանն ու ոչ մի ադեկվատ դիրքորոշում չեն ներկայացնում՝ կայացված որոշումների հետ կապված։

Ի դեպ, շատ կարևոր է ընդգծել, որ Արցախում ռուսական ներկայությունը կարևոր էր հենց Մոսկվայի համար՝ ռազմավարական տարածքը թուրքական լիակատար ներկայությանը չզիջելու տեսանկյունից: Հետևաբար՝ լուռ հեռանալը պետք է լինի հուշում, թե որքան լուրջ էր Փաշինյանի հարվածը Մոսկվային: Բացի դրանից Արցախում ռուսական ներկայությունը կարևոր էր Երևանում՝ հազարավոր հայորդիների կյանքերով ազատագրված պատմական հայրենիք երբևէ վերադառնալու արժեքը, իմաստը, կարևորությունը գիտակցողների, հայերի անվտանգ գոյության հնարավորություն փնտրողների համար:

Պետք է ընդգծել, որ ռուս խաղաղապահները, այո՛, չարեցին այն, ինչ սպասում էինք, բայց Հայաստանը կարող էր օգտագործել նրանց ներկայության գործոնը: Իսկ ի՞նչ ենք «շահում» հիմա, երբ ռուս խաղաղապահները հեռացան, և Արցախի օկուպացված տարածքներում հիմա միայն Թուրքիայի շունչն է՝ թուրք զինվորականներով, թուրքական զենքով, թուրքական ֆորմատի ադրբեջանական զորքով, Էրդողանի նկարներով:

Արմեն Հովասափյան