Foto

Հարավկովկասյան ապակայունացման «ստարտը» տրվեց


Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին Բրյուսելում հրապարակայնացված որոշումներից, Արևմուտքն այս փուլում Հայաստանի հանդեպ իրականացնում է նվազագույն պլան, սակայն դա կարող է փոխվել։ Ըստ էության, Ռուսաստանից շրջադարձ կատարող և նման ծանր կորուստներ կրած Հայաստանի համար Արևմուտքը նախատեսել էր նվազագույն աջակցության փաթեթ՝ ընդամենը 274 միլիոն եվրո։

Միանշանակ է, որ Արևմուտքը, ստեղծված իրավիճակում, Հարավային Կովկասի համար տարբեր սցենարներ ունի, որոնք կախված են աշխարհաքաղաքական զարգացումների ուղղությունից, ուստի այս փուլում Արևմուտքն, ամենայն հավանականությամբ, դեռ նպատակահարմար չի համարում կամ վստահություն չունի, որ հարկավոր է առավելագույն ծրագիրը ներդնել Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ն այնուամենայնիվ դեռ ՀԱՊԿ անդամ է և ՌԴ ռազմավարական գործընկերը, որը փոխելը ոչ միայն քաղաքական որոշում է ենթադրում, այլև բավականին երկար ժամանակ ու ջանքեր։

Այս ամենի հետ մեկտեղ՝ բացառված չէ, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը, սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, սրանում գրեթե չկա ոչ մի կասկած (օրերս ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը կարգավորող հերթական օրինագիծը)։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարթությանը, ապա այստեղ ամեն բան ներկայումս ավելի բարդ է, քանի որ Ադրբեջանը չի դադարեցնում սուր հայտարարությունները՝ դեմ գնալով այս ծրագրին, որին դեմ են թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։ Ուշագրավ էր, որ այս թեմայով արտահայտվեց նաև Թուրքիայի ԱԳ նախարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին, ինչպես Ադրբեջանը՝ բաժանարար գծեր առաջացնելու մեջ։ Բավականին սուր հայտարարություններ արեց Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Չավուշօղլուն։

Ըստ էության, Բրյուսելի ապրիլի 5-յան ներկայացումը ՀՀ-Արևմուտք հարաբերությունների նոր փուլն ամրագրող իրադարձություն էր, որը հարավկովկասյան տարածաշրջանում մի շարք զարգացումների պատճառ կհանդիսանա։

Մասնավորապես, ակնհայտ է, որ Արևմուտքն Անդրկովկասում իր այս ներկայությամբ ապակայունացնող գործոն է դառնալու, քանի որ այստեղ առկա բոլոր կենտրոններն ամեն եղանակով պայքարելու են այդ ազդեցության դեմ, իսկ դրանից տուժելու է ողջ տարածաշրջանը, այլ կերպ ասած՝ ապրիլի 5-ին տրվեց ապակայունացման փուլի «ստարտը»։ Ասվածի ապացույց է նաև այն, որ վերջին օրերին Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանին շարժերի վերաբերյալ ապատեղեկատվության մեջ։ Դա, իհարկե, պատահական բան չէ, սակայն ուշագրավն այն է, որ էսկալացիայի պայմաններում ի՞նչ կարող են անել ՀՀ արևմտյան գործընկերները, կարող են միայն անօգուտ զանգեր անել ու հայտարարություններ տարածել, քանի որ դրանից ավելին անելու պարտավորություններ չեն ստանձնել։

Այլ կերպ ասած՝ այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչպե՞ս ՝ բանակցելու Փաշինյանը,  և ինչ հերթականությամբ է կյանքի կոչելու իր կողմից քանիցս բարձրաձայնած «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Այսպես կոչված հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» կնքման գործընթացի մասին փուչիկը վաղուց պայթել է։

Արմեն Հովասափյան