Փետրվարի 29-ից էկրաններ բարձրացած «Բարի օր» ֆիլմը շարունակում է դիտելիության ռեկորդներ սահմանել: Չդադարող sold out-ները ֆիլմը դարձրել են թե ընտանեկան, թե ընկերական ժամանցի լավագույն տարբերակներից մեկը: Ֆիլմի առանցքային կերպարներից բացի մեծ ուշադրության են արժանացել նաև փոքրիկ դերակատարները, որոնց մարմնավորել են Նանուլը և Վարդան Քոչարյանը:
Նանուլը մեզ հետ զրույցում ասաց, որ «Բարի օր» ֆիլմում նկարահանվելն իրեն շատ է ոգևորել: Փոքրիկ դերասանուհու խոսքով՝ մեծ սիրով է ընդունել առաջարկը՝ չնայած տաքսիստ Հենդոյին մինչ այդ չգիտեր.
«Մհեր Մխիթարյանին որպես դերասան, հումորիստ, իհարկե, ճանաչում էի, սակայն Հենդոյի սքեթչերը չէի դիտել: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել էի գլխավոր պրոդյուսերից՝ Ամարաս Գասպարյանից: Մայրս՝ Վիկա Մարտիրոսյանը, սկզբում կողմ չէր, սակայն ֆիլմում նկարահանվելն իմ երազանքներից մեկն էր, ծնողներս էլ թույլ տվեցին, ինչի համար հիմա չեն ափսոսում, քանի որ «Բարի օրը» նաև նրանց է շատ դուր եկել: Շատ լավ նկարահանումներ ունեցել, ուրախ եմ, որ նման մարդկանց հետ եմ աշխատել և ընկերացել: Իսկ մեր մայրիկի դերը մարմնավորող Ռոզի Ավետիսովան նկարահանումների ժամանակ հոգ էր տանում թե իմ, թե եղբորս մարմնավորող Վարդանի մասին, օրինակ՝ չմրսենք կամ քաղցած չմնանք: Շատ եմ սիրել մեր թիմը, ուրախ եմ, որ դրա մի մասնիկն եմ»:
Ըստ նրա՝ բոլորը ֆիլմը հավանել են, այդ թվում՝ իր դասընկերները.
«Մեր ֆիլմի հաջողության գաղտնիքն այն է, որ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատել դրա վրա: Ինչպես նաև «Բարի օրի» թեման շատ արդիական է և քննարկվող: Մենք փորձել ենք ցույց տալ, որ մարդիկ իրենց սխալները, միևնույն է, հասկանում են՝ դառնալով ավելի լավը և փորձելով չկրկնել դրանք: Ինչպես նաև ֆիլմում հստակ մատնանշվում է, որ կյանքում ամենակարևորն ընտանիքն է: Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել «Բարի օրը», որպեսզի իրենց օրը բարի լինի»:
Վարդան Քոչարյանի խոսքով՝ նույն ոգևորությամբ ֆիլմը դիտել են նաև իր ընկերները.
«Բոլոր ընկերներս և հարազատներս դիտել և շատ հավանել են: Ի դեպ, բոլորի հետ ներկա եմ եղել ֆիլմը դիտելիս: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել նրանց էմոցիաները, երբ էկրաններին ինձ էին տեսնում: Պետք է խոստովանեմ, որ «Բարի օր» ֆիլմի պրեմիերային շատ անհանգիստ և անհամբեր էի: Իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր, շատ էի հուզվում, բայց երբ դիտեցի, հասկացա, որ սիրահարվել եմ դերասանությանը: Ինչ խոսք, այդքան գովասանքի խոսքեր լսելը շատ հաճելի է: Մինչ օրս և հուզված, և շատ ուրախ եմ: Իմ կարծիքով՝ հաջողության գաղտնիքը մեր թիմի ջերմ մթնոլորտն էր, որ տիրում էր նկարահանման հրապարակում: Բացի այդ, մեր ֆիլմը շատ ճիշտ ուղերձ ունի. կյանքում սմենակարևորն ընտանիքի ջերմությունն է։ Կարծում եմ, ֆիլմը դիտելուց հետո բոլորը ջերմանում են»:
Վարդանը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ՝ ինչպես է ստացել ֆիլմում նկարահանվելու առաջարկը.
«Մայրիկիս զանգահարել էին և ասել, որ ռեժիսորները ցանկանում են ինձ տեսնել և փորձել որևէ տեսարաններում: Հետո իմացա, որ ինձ հավանել են ու հաստատել իմ մասնակցությունը: Նկարահանումներն անցնում էին ջերմ և ուրախ մթնոլորտում: Ես բոլորին շատ սիրեցի, ավելին՝ հիմա կարոտում եմ նրանց և հաճախ հիշում նկարահանման օրերը: Ես իմ խաղընկերների հետ առաջին անգամ էի նկարահանվում, բայց բոլորն ինձ շատ էին օգնում և խորհուրդներ տալիս, թե ինչպես ճիշտ անեմ իմ գործը: Շնորհակալ եմ նրանց»,-ամփոփեց փոքրիկ դերասանը:
Հավելենք, որ «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում:
Ֆիլմի ռեժիսորները Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանն են: Գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց:
Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է:
Շուտով՝ ապրիլի 14-ին և 28-ին, «Բարի օր» ֆիլմը կցուցադրվի նաև Լոս Անջելեսում: