Foto

Միայն անցյալ տարի օնկոլոգիական հիվանդություններից մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով. Անահիտ Ավանեսյան

Վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում արձանագրել է իսկապես մեծ հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի բացման ժամանակ իր խոսում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ, ունենք մահացության նվազում, որը տարեցտարի արձանագրվում է: Միայն անցյալ տարի մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով: Այս ցուցանիշները հուսադրող են թվում, բայց  մենք չպետք է բավարարվենք այս ցուցանիշներով: Մենք հասկանում ենք, որ այնուամենայնիվ, պետության կողմից հոգածության շրջանակի ընդլայնումը, պետպատվերի մեծացումը, հասանելիության մեծացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումները, ենթակառուցվածքների փոփոխությունները, մեր մասնագետների շարունակական կրթությունը ընթացիկ բարելավումներ են, բայց դեռ հատվածական են: 

Առողջապահության նախարարության եւ կառավարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը, որ մենք պատկերացնում ենք, որ  պետք է լինի եւ փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին, իհարկե, ապահովագրական համակարգի ներդրումն է: Այն իր մեջ ներառում է նաեւ որակի վերահսկման համակարգի ներդրում էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրում, կանխարգելման շեշտադրում, ռիսկի ֆակտորների նվազեցում:

Ինչքան մենք երկարացնենք մարդկանց կյանքը, այո ոչ վարակիչ հիվանդությունների համամասնությունը փոխվելու է Հայաստանում: Եթե այսօր սրտանոթային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է, տարիների ընթացքում, կյանքի միջին տեւողության երկարացման եւ որակի բարելավման պարագայում մեզ մոտ քաղցկեղով հիվանդություններն աճելու են: 

Սա նշանակում է, որ մեր ուշադրությունը թե առողջ ապրելակերպին, թե ռիսկի ֆակտորների նվազեցմանը, թե  կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը շատ ավելի կարեւոր է դառնում, որպեսզի առողջապահությունը մշտապես աճող ֆինանսական  կարիքների շրջանակներում  կարողանա բավարարելն մեր ժողովրդի  անընդհատ ավելացող առողջապահական կարիքներն ու ակնկալիքները»,- հայտարարեց նախարարը:

Նա նկատեց, որ առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ արհեստական բանականությունը անքակտելի մաս է դառնում. «Մենք տեսնում ենք, որ սա նաեւ որոշակի մտահոգություններ է առաջ բերում բժիշկների, պացիենտների շրջանում, մարդկանց իրավունքների, էթիկայիօ հետ կապված հարցերում: Մենք այս հարցերին պետք  է լուծում տանք. Ի վերջո, արհեստական բանականությունը, ռոբոտիքսի լուծումներն ինչ դեր են ունենում այսօր եւ վաղը հիվանդությունների բուժման շրջանակներում: Ես հույս ունեմ, որ դրանք օգնելու են մեր բժիշկներին, լրացնելու են եղած բացերը, նաեւ չեն փոխարինելու բժիշկներին»,- հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը հայ բժիշկների շատ մեծ ցանց ունի աշխարհում եւ պետք է լրջորեն օգտագործի այդ ցանցը՝ Հայաստանը դարձնելով հետաքրքիր նաեւ կլինիկական փորձարկումների համար. «Չի կարող լինել զարգացում օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ, եթե մենք չզարգացնենք Հայաստանում կլինիկական փորձարկումների դաշտը: Մենք վարչական որոշակի փոփոխություններ ենք արել, որ դրանք լինեն հեշտացված, խիստ կարգավորված, նաեւ հրապուրիչ»:

Նշենք, որ այսօր Ջերմուկում մեկնարկել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը:  2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:

Կոնգրեսին ներկա են ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։