Foto

Հայաստանից անմշակ կաշվի արտահանման վրա ժամանակավոր արգելք սահմանվեց

Կառավարություն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքից այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ մի շարք ապրանքների 6 ամիս ժամկետով արտահանման արգելք սահմանելու մասին։

Խոսքը հայաստանյան ծագում ունեցող՝ խոշոր եղջերավոր անասունների, ներառյալ գոմեշների կամ ձիազգի կենդանիների, ոչխարների անմշակ կաշի արտահանելու մասին է։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:

Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։

Հայկական կաշի վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։

Հումքի արտահանման հնարավորությունը ստիպում էր կաշի արտադրողներին որոշ դեպքերում ներկրել հումք արտերկրից։ Վերջնարդյունքում սույն որոշումը հնարավորություն կտա Հայաստանը հումք արտահանող երկրից վերափոխել մշակված արտադրանք արտահանող երկիր։

Արտադրողների կողմից իրացվում է ինչպես պատրաստի կաշի, այնպես էլ կիսապատրաստի կաշի՝ վերջինս կազմում է ընդհանուր արտադրանքի շուրջ 50%-ը:

Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝ արտերկրում։

Ներկայումս Երևանի և Մասիսի գործարանները, հիմնականում, իրականացնում են խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ Գյումրու գործարանը՝ ոչխարների կաշվի վերամշակում։

Բոլոր գործարանները միասին այս պահին վերամշակում են ամսական 230-250 տոննա խոշոր եղջերավոր անասունների մորթեր, որից ստացվում է 3.5-4 մլն դմ2 կաշի, ինչպես նաև 4,000-5,000 հատ ոչխարի մորթեր, որից ստացվում է 230-270 հազ դմ2 կաշի։ Միևնույն ժամանակ արտադրական ներկա ամբողջ հզորությունների կիրառման դեպքում հնարավորություն է առաջանում ամսական կտրվածքով վերամշակել ամսական շուրջ 335 տոննա խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաև 9,000-10,000 հատ ոչխարի մորթեր։

Գյումրու մորթու-կաշվի արտադրամասը գործում է 2022 թվականի ապրիլ ամսից և մասնագիտացած է ոչխարի կաշվի վերամշակման աշխատանքներում և ներկա պահին իրականացնում է ամսական կտրվածքով շուրջ 3,000 հատ ոչխարի մորթու վերամշակում և ստանում շուրջ 150 հազ դմ2 կաշի։ Հումքն ամբողջությամբ ձեռք է բերվում Հայաստանից, իսկ արտադրական գործընթացում ներգրաված են 5 աշխատակից։

Ընկերությունը նախատեսում է 2023 թվականից ընդլայնել արտադրությունը, արդյունքում, ընկերությունը հնարավորություն կունենա կրկնապատկելու արտադրական հզորությունները և ամսական կտրվածքով վերամշակելու շուրջ 350 հազ դմ2 ոչխարի կաշի։ Ընկերությունը նախատեսում է արտադրանքն արտահանելու Պակիստան և Իսրայել։
Արտադրական հզորությունների ընդլայնումը, ըստ Ընկերության գնահատման, հնարավորություն է տալու իրականացնելու Հայաստանում սպանդի ենթարկված բոլոր ոչխարների մորթերի ավելի քան 30%-ի վերամշակումը։

Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների կողմից աճել են տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։

Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 22-ից և գործում է մինչև 2024 թվականի հուլիսի 22-ը։