Մեր հայրենակիցների համար կցանկանայի հատուկ շեշտել, որ վերջին շրջանում թյուր ըմբռնում կա, մամուլում տարբեր սխալ վերնագրեր կան ՝ սա բանակից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծ չէ։ Այս մասին ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշեց, որ սա տարբեր պատճառներով Հայաստանից դուրս գտնվելով, քրեական հետապնդման տակ գտնվելով մեր հայրենակիցների հարցն է։
«Եթե ԱԺ-ն կողմ քվեարկի առաջինից երկրորդ ընթերցում, ապա ավելի մանրամասն կետերի շուրջ քննարկումներ կունենան։ Բայց այս նախաձեռնությունը, որը տարիներ առաջ էր սկսվել ուներ մի կարևոր անկյունաքարային հարց։ Սա վերաբերում էր հանցանք կատարած մեր հայրենակիցներին, որոշակի պարտավորությունների դիմաց այդ հանցանքից ազատելուն։ Եվ, դրա համար էլ ամեն տարի կամ պարբերաբար ԱԺ-ի կողմից քվեարկվում է։ Անկյունաքարային խնդիրն այն է, որ, երբ սա դարձնում ենք օրենք արձանագրում ենք, որ այո, մշտապես կարող են լինել նման հանցանքներ, մեր հայրենակիցները կարող են մշտապես բանակից խուսափելու կամ այլ պատճառներով մինչրև 27 տարեկանը Հայաստանից դուրս լինել, և դրանից հետո վճարների դիմաց կարող են իրենց բնականոն կյանքը շարունակել։ Անկյունաքարային հարցն է մշտական դարձնել օրենքը, թե՞ օրենքն ունենա սահմանափակում, որովհետև այսօրվա 18 տարին լրացած անցը կմտածի՝ դե մշտական օրենք կա, կխուսափի մինչև 27 տարեկան, դրանից հետո կմտածի գումարի դիմաց ազատվի»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ բոլորը չեն որ բանակից խուսափելու համար են Հայաստանից դուրս գտնվել, նույն 44-օրյա պատերազմում եղան շատ շատերը, որոնք եկան պատերազմին կամավորագրվեցին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։