Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կետրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի հավակնությունները դրսևորվում են մի քանի մակարդակներում:
«Ադրբեջանի առաջնային պահանջը հայտնի 8 գյուղերի, այսպես կոչված անկլավների հանձնումն է, որը նրա ամենօրյա խոսույթի առանցքային մասն է դարձել։ Հայաստանի իշխանությունների այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում, Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դեմարկացիա-դելիմիտացիայի շրջանակներում, այլ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում։ Ադրբեջանը նպատակ ունի սահմանների ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ և այլն»։
Աբրահամյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չտեսնելու և չլսելու է տալիս ՀՀ այն տարածքների հարցը, որը նրա հսկողության տակ է անցել առաջին պատերազմի ժամանակ և չի հստակեցնում իր պաշտոնական դիրքորոշումը դեմարկացիա- դելիմիտացիայի գործընթացում եղած սկզբունքների վերաբերյալ և անորոշ նշում, որ դրանք պետք է լինեն տարբեր քարտեզների ու պատմական արդարության հիման վրա: Հասկանալի է, որ սրա անվան տակ Ադրբեջանը փորձելու է իրացնել իր մյուս տարածքային հավակնությունները։ «Կարճ ասած, այն ինչ Հայաստանի իշխանություններն անվանում են «Խաղաղության պայմանագիր», իրականում դա ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի դեմ դրվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է։ Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի, որովհետև այդ մոտեցումը թուրք-ադրբեջանական տանդեմին գործելու լայն դաշտ է բացում»,- եզրափակեց Աբրահամյանը։