Նոյեմբերի 8-ը հայ իրականության մեջ հավիտյան կմնա ամոթի ու խայտառակության օր։ Հենց այդ օրը լկտիաբար դավաճանվեց հայոց պայքարի խորհրդանիշ Արցախը․ այդ օրը մեծ խաբեության օրն է, որն արդեն համակել է բոլորիս՝ ուղիղ 3 տարի։ Բոլորս ենք հիշում, թե այդ օրերին ինչպես էր իշխանության կողմից տիրաժավորվում «ստորագրեց, որ 30 հազարի փրկի» կեղծ թեզը։ Իսկ թե այդ ինչ 30 հազար զինվորի մասին էր խոսքը, առ այսօր մնում է հանելուկ, մի քանի անհայտով հավասարում։
Այսօր արդեն հայոց Ստեփանակերտում ադրբեջանական շքերթ է նախտեսված, որտեղ հավանաբար Ադրբեջանը կփորձի ցույց
տալ հնարավոր այն ամենը, ինչը կարող է ցավեցնել հային։ Բնավ մտադրություն ու նպատակ
չունենալով անդրադառնալ այդ սատանայական շքերթին՝ կցանկանայի, որ բոլորը հասկանան, թե
ինչո՞ւ թուրքը ոտք դրեց Արցախ ու Ստեփանակերտում էլ «տրիումֆ» է
անում։
Ասվածն ունի մեկ անուն և մեկ հասցե՝ Նիկոլ Փաշինյան։ Նա, ով իշխանության գալուց ի վեր ուներ մեկ նպատակ՝ ազատվել Արցախի բեռից հնարավորինս արագ, ու էական չէ, թե ի՞նչ տարբերակով։ Թերևս 2018-ի իրադարձություններին հետևած շատերս ենք հիշում, թե ինչպես էր նա ամբոխահաճո հայտարարություններ անում և իրեն մեջտեղից պոռթում, թե «Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի», որ «Արցախը մեր սուրբ հողն է», «ՀՀ-ն՝ Արցախի միակ երաշխավորը»։ Սակայն այդ դատարկ օդացնցումներից այն կողմ ոչ մի էական դինամիկա չտեսանք, հակառակը՝ ամեն ինչ շրջվեց գլխիվայր։ Նախ հայտարարեց, թե ինքը Արցախի հարցում բանակցությունները սկսում է «սեփական կետից», Ալիևին կառուցողական հռչակելուց հետո էլ լկտիաբար ճոռոմաբանում էր, թե Արցախի բանակցային գործընթացի մասին Ալիևն իրեն բավականին հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել: Իսկ թե ինչ «տեղեկություններ» էին դրանք, տեսանք 2018-19 թվականների Նիկոլի կողմից որդեգրած տերմինաբանությունում ու հնչեցվող թեզերում։ Ստացվում է, որ Նիկոլն Ալիևին գերադասեց «թալանչի» նախկիններից և, փոխանակ հայկական պետության շահերից ելնելով՝ նախկին նախագահների ու ԱԳ նախարարների հետ խորհրդակցելը, պառկեց Ալիևի ու Էրդողանի տակ։ Ինչևէ։
Օվերտոնի պատուհանի գուրուն շատ հանգիստ ու հետևողական կարողացավ հանրային ամլացման ֆոնին կառուցել ու համապատասխանեցնել այն դրույթները, որոնք ստացել էր թուրքական ղեկավարությունից։ Աստիճանաբար շարքից հանվեց նախ բանակը՝ անվանարկվեցին ու կալանավորվեցին գեներալներ ու հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող անհատներ, իսկ Միքայելյան Սասունը հայտարարեց, թե «2018-ին տեղի ունեցածը Արցախյան հերոսամարտից կարևոր իրադարձություն էր»։ Միմյանց հերթ չտալով՝ սկսվեց գործողությունների հերթական ալիքը․ 2018-ին «կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը փամփուշտները հալեցնում, զարդեր էր սարքում, զուգահեռ՝ անընդհատ քարոզ տարնում, թե «մեր հայորդիների կյանքն էսքան ժամանակ զոհաբերել ենք հանուն ոչնչի»։ Ավելին, 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում կայացած Փաշինյանի և Ալիևի հայտնի «վերալակային հանդիպումից» հետո Նիկոլն ու իր թիմակիցները կրկնում էին այն թեզը, որ «ցանկացած հարցի կարգավորում պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանի ժողովրդի համար»։
Օրինակները հասնում են հարյուրների, որոնք միմյանց հետ համադրելով՝
սպիտակ թղթի նման պարզ է դառնում, թե այդ ինչպես եղավ, և գլխավորը՝ ում մեղքով է,
որ 2023-ի նոյմեբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով անցնում են Բաքվի տանկերը։
Արմեն Հովասափյան









