Foto

Չեմ կարծում՝ գլխավոր դատախազը կհամաձայնի մտնել ԱԺ՝ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկելու համար. Գեղամ Նազարյան

Չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազն այնքան անլրջանա, իր հեղինակության հետ խաղա, որ մտնի ԱԺ և միջնորդի Լևոն Քոչարյանին ազատությունից զրկել՝ այս հորինված գործը շարունակելու համար: ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Հայտնում է Փաստինֆոն։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լեւոն Քոչարյանը երեկ վերցրել է ԱԺ պատգամավորի մանդատը ու իրավունքի ուժով ազատ արձակվել ՔԿՀ-ից։ Նա շուրջ 1,5 ամիս կալանքի տակ էր գտնվում Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով. Նրան մեղադրանք էր առաջադրվել, իբր, իրեն բերման ենթարկող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, երբ տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց նրա նկատմամբ են բերետավորները բռնություն գործադրել՝ ավտոմեքենայի մեջ։

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք գլխավոր դատախազը չի մտնի ԱԺ՝ Լ.Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար՝ Նազարյանն արձագանքել է. ««Կարծում եմ՝ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ, թույլտվություն ստանան, որ գործը շարունակվի: Այսինքն, դրա համար ևս ԱԺ-ի համաձայնությունն է պետք, որ քրգործը շարունակվի: Ես չեմ բացառում, որ նման քայլ անեն, բայց դա էլ խորհուրդ չեմ տա, որովհետեւ առանց այդ էլ մեր երկիրն այս սարքովի գործերով թուլանում է: Աշխարհում ինչքան մարտահրավեր կա՝ մեզ է ուղղված, այս իրավիճակում դնենք իրար նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցենք… այն դեպքում, մարդուն ծեծի են ենթարկում, մի բան էլ քրգործ են հարուցում, թե իբր Լևոն Քոչարյանն է ծեծի ենթարկել, նույնիսկ ՔՊ-ականները չեն կարող պնդել, որ Քոչարյանն է ուժ գործադրում: Այնպես, որ հուսով եմ, որ այս թեման շատ արագ կփակվի»։

Դիտարկմանը, թե Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ վերցրեց ազատության մեջ հայտնվելու համար՝ Նազարյանը պատասխանեց, որ կա քրեական օրենսգիրք, օրենք, Սահմանադրություն, և ՔՊ–ն էլ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն ունի, որ ցանկացած պահի կարող է ցանկացած քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն։ «Չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է։ Մեկնաբանել, որ Լևոն Քոչարյանը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը, դրա հետ էլ համաձայն չեմ: Հիմա կհարցնեք, թե ինչու 3 հոգի հրաժարվեցին պատգամավորական մանդատից։ Այո, հրաժարվեցին՝ ի աջակցություն ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ»։