Աշխարհաքաղաքական նոր կարգ է ձևավորվում, ինչի ականատեսն ենք վերջին 4-5 տարիներին։ Ըստ էության, աշխարհաքաղաքական այն շահերը, որոնք գոյություն ունեին մինչև 2018 թվականը, ներկայումս առ ոչինչ են՝ պայմանավորված մի շարք առանցքային դրույթներով ու հանգամանքներով։ Միաժամանակ, ինչպես և հուշում է պարզ տրամաբանությունը, այս ամենից չի կարող անմասն մնալ հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ ոչ միայն խաչվում, այլև բախվում են գեոպոլիտիկ բևեռների քաղաքական շահերը։ Ավելին, Հարավային Կովկասը հենց առանցքային կռվաններից մեկն է, որտեղ նշված բևեռները փորձում են դիվերսիֆիկացնել իրենց դիրքերը։
Մյուս կարևոր ու անկյունաքարային
կետն, իհարկե, Մերձավոր Արևելքն է, որտեղ, դեռևս 2012-13 թվականներից (Լիբանանում, ապա
նաև Սիրիայում), մեկնարկեց «տաք» գործողությունների փուլը։
Այսօր էլ այնտեղ իրականցվում է հերթական աշխարհաքաղաքական օպերացիան, որից շատ
բան է կախված։ Փաստացի մենք երրորդ համաշխարհայինի
մեջ ենք, քանի որ տեղի ուենցողը մի պետության շահերի տիրույթում չի տեղավորվում, այլ
ունի համաշխարհային նշանակության բնույթ։
Հատկանշական է այն, որ
Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի փոխկապակցվածությունն ամենաուղղակի է, քանի
որ շատ պետություններ երկու տարածաշրջանում էլ շահեր ունեն և ազդեցիկ խաղացողներ են, ուստի տրամաբանական է, որ մի հատվածում տեղի ուենցող ցանկացած
շարժ անմիջապես իր ազդեցությունն է ունենում մյուս հատվածում։ Օրինակ՝ իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում տեղի ուենցող զարգացումներն իրենց արտացոլումն են գտնում նաև մեզ մոտ։
Այս համատեքստում շատ հատկանշական է Թուրքիան, որն այժմ առանցքային խաղացող է դարձել նաև հարավկովկասյան սեգմենտում։ Մասնավորապես, իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայից Ադրբեջանի կախվածության աստիճանը։ Սա ակնհայտ է, քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանին զինած, բազում տեսակի աջակցություն ցուցաբերած Իսրայելը ներկա պահին փաստի առջև է կանգնած. այս ամենապատասխանատու պահին Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե Իսրայելի հետ մինչև հիմա գոյություն ունեցած փաստացի դաշնակցային հարաբերություններից բխող տրամաբանությամբ, այլ Թուրքիայի թելադրանքով։ Այս հանգամանքը նոր խնդիրներ է առաջացնում Իսրայելի՝ տարածաշրջանային ավելի հեռուն գնացող նպատակների տեսանկյունից։ Զինելով Ադրբեջանը, ինչպես նաև այդ երկրի տարածքում հետախուզական մեծ ցանցեր ու հնարավորություններ ստեղծելով՝ Իսրայելը պատրաստվում էր ադրբեջանական գործոնն օգտագործել Իրանի դեմ։ Մինչդեռ հիմա պարզ դարձավ, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունը մտերմացրել է Թեհրանին ու Անկարային։ Չմոռանանք, որ այս հանգամանքը մեծ խնդիր է նաև Արևմուտքի համար։ Տրամաբանական է, որ ստեղծված իրավիճակում Իսրայելն ու ԱՄՆ-ն ստիպված են նոր լուծումներ որոնել ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար։ Այս տրամաբանության մեջ Ադրբեջանի հարցն առանձին քննարկումների թեմա է դառնալու, ընդ որում, նաև Ռուսաստանի և Իրանի համար։
Ակնառու է, որ Իսրայելի ադրբեջանական նախագիծը տապալվել է և ամբողջովին նոր իրավիճակ է ստեծվել, ինչը հայկական շահի համար ինչ-ինչ նախադրյալներ է ստեղծում։ Բանն այն է, որ, Արցախը գրավելու համար, Ադրբեջանը մեծապես զիջելել է իր սուբյեկտայնությունը՝ ամբողջովին պառկելով իր ռազմաքաղաքական հովանավորների տակ: Դա, իր հերթին, աշխարհաքաղաքական կենտրոններին հնարավորություն է տալիս Արցախի հարցը վերածել միմյանց միջև բանակցությունների թեմայի: Եթե Հայաստանը կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել արտաքին գործընկերների հետ, ապա այս հարցում որոշակի դիվանագիտական «միջանցք» և հաջողություններ ունենալու իրական հնարավորություն կստանա։ Իսկ թե ե՞րբ կարող է ՀՀ-ն նման «տրամաչափի» հարց լուծել, պարզ ու տրամաբանական է. երբ Փաշինյանն ու իր վարչախումբը հեռացվի քաղաքական արենայից, և տեղի ունենա բանակցողի փոփոխություն։
Արմեն Հովասափյան









