Foto

«Խաղաղության խաչմերուկն» ունի քաղաքական նպատակ. դա պանթուրքիզմի դարավոր երեզանքն է, որը պարտադրվում է Փաշինյանին․ Խաչատրյան

«Ձեր խաղաղության խաչմերուկը ՀՀ-ին ի՞նչ տնտեսական բարիքներ կպարգևի, հաշվե՞լ եք»։ Այս հարցը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին երեկ ԱԺ-ում տվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով  անդամ Արթուր Խաչատրյանը։ Քերոբյանի պատասխանն անորոշ էր և ոչ հստակ, ուստի Vesti.am-ը հենց Խաչատրյանին խնդրեց պատասխանել իր տված հարցին։

«Որևէ բարիք այդ խաչմերուկը չի պարգևի, որովհետև այսպես կոչված «խաղաղության խաչմերուկն» ունի քաղաքական նպատակ և դա պանթուրքիզմի դարավոր երեզանքի իրականացում է, Թուրքական պետությունների միջև ցամաքային կապի հաստատումն է։ Այն Փաշինյանին պարտադրվել է Թուրքիայի կողմից և նա չի կարողացել կամ չի ցանկացել դրա դեմ ընդվզել: Ուստի որոշել է ժողովրդին համոզել, որ դա լավ բան է, որպեսզի չերևա, որ դա իր հերթական զիջումն է։ Տնտեսական որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Ես 2022թ փետրվարին դիմել էի՝ պահանջելով այդ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը՝ ի՞նչ եկամուտ կբերի Հայաստանին, ի՞նչ ապարանքահոսք են կանխատեսում: Մինչ այժմ պատասխան չունեմ, թեև խոստացել էին, պատրաստ լինելիս, փոխանցել: Երեկ էլ հարցը բարձրացրի։ Քերոբյանն ինձ 2 տարի առաջ 10 տարվա վաղեմության ուսումնասիրություն էր ուղարկել, հիմա խոստացան նոր բան ուղարկել։ Քաղաքական նպատակները գերիշխում են տնտեսական նպատակներին»,- ասաց պատգամավորը։

Ուղիղ հարցին, թե «խաղաղության խաչմերուկը» նույն «Զանգեզուրի միջա՞նցքն» է այլ անվանբ՝ Խաչատրյանը պատասխանեց․ « Միջանցքի սահմանում չկա։ Ադրբեջանով անցնում է, օրինակ, Միջին կամ Տրանսկասպյան միջանցքը, որտեղ նա ունի ինքնիշխանություն, Հյուսիս-հարավ միջանցքը, որը մենք էինք ասում։ Այն ճանապարհը, որը Փաշինյանը 2020թ նոյեմբերի 9-ին խոստացել է տալ, փաստացի խոստացել է ինքնիշխանության զիջում, որովհետև օրինակ Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի անվտանգությունը երրորդ կողմի ուժերը չեն հսկում։  Փաշինյանն իր հարցազրույցում ակնարկեց, որ այդ ճանապարհի վրա կարող է մի քիչ այլ վերահսկողկան ռեժիմ գործել։ Հայաստանի համար շատ ավելի ձեռնտու կլիներ հյուսիսային ճանապարհը՝ Իջևան-Ղազախ-Եվլախ․․․»։

Խաչատրյանն ընդգծում է՝ բաց ճանապարհը շատ լավ բան է, բայց այս դեպքում պարզաբանումներ չեն տրվում, հասկանալի չեն հեռանկարները։ Եթե դրա արդյունքում թուրքական ապրանքների մեծ ներհոսք է լինելու Հայաստան, ապա տեղական արտադրանքի ապրանքների շուկայից դուրս մղման խնդիր է տեսնում պատգամավորը և այլն։ Նկատում է. եթե հարցերը մնում են անպատասխան, ապա մտավախությունները մեծանում են, բացի այդ, չպետք է մոռանալ, որ այդ «խաչմերուկը» ՀՀ-ին պարտադրում են։

Պատգամավորը կիսում է այն տեսակետը, որ Ադրբեջանը մեր սուվերեն տարածքում որոշումներ է կայացնում՝ գործարանի տեղափոխում, հանքի աշխատանքի մասնակի ընդհատում, ԶՊՄԿ-ի հնարավոր էկոլոգիական խնդիրները, գյուղացիական աշխատանքի խոչընդոտում, մոտ 150 քառ․ կմ տարածքի օկուպացիա և այլն։ Արթուր Խաչատրյանն ընդգծում է, որ ՀՀ-ն չի պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը, զիջումների է գնացել և ճանապարհն էլ հերթական զիջումներից է։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան