Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության համար՝ Ադրբեջանի կողմից առաջիկա օրերին կամ շաբաթներին Հայաստան ներխուժելու հնարավորության հետ կապված
«Ադրբեջանը վաղուց էր երազում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը վերջին ժամանակներում քննարկվում է որպես Ադրբեջանի կողմից վերահսկելի «Զանգեզուրի միջանցք»-ի մաս։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների բռնագրավումը, Ադրբեջանում ու Թուրքիայում տարածված ու հաստատված ցեղասպանական հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում»,- նշված է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտն աշխարհին հիշեցնում է, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում։ «Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության, բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,- արձանագրում է ինստիտուտը՝ նշելով, որ արևմտյան տերությունները պետք է օգնեն Հայաստանին ամրապնդելու իր ինքնիշխան սահմանները և դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում։
Ըստ հայտարարության, արևմտյան երկրները կարող են հետագայում աջակցել Հայաստանին իր ինքնիշխանության ապահովման հարցում՝ ստիպելով Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառելով Ալիևների ընտանիքի նկատմամբ և կասեցնելով Ադրբեջանի ներկայիս վիզային և էներգետիկ համաձայնագրերը ԵՄ-ի հետ, ինչպես առաջարկվում է Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևով։
«Եթե Արեւմուտքը շարունակի անտեսել ցեղասպանությունը և ընդունի այն՝ որպես օրինական լուծում անլուծելի այն հակամարտությունների համար, որոնք ստեղծվել և շարունակվում են Ադրբեջանի նման ռեժիմների կողմից, ապա այն ոչ միայն կհայտարարի հետհոլոքոստի աշխարհի կանոնների վրա հիմնված կարգի վերջը, այլև սկիզբ կդնի ցեղասպանության դարաշրջանին, որը կլինի ավելի կործանարար, քան այն, որը բնութագրում է ամբողջ աշխարհում տարածքների և ռեսուրսների վերահսկողության վերջին խելագար շտապողականությունը»,-ասվում է հայտարարության մեջ։









