Քաղաքագիտական պրակտիկայում
կան չափանիշներ, որոնցից յուրաքանչյուրի խախտումը ամբողջովին կազմաքանդում է գոյություն
ունեցող բնական համակարգը։ Դրանք սուբստանսներ են, որոնց շուրջ կառուցվում
և իրականցվում է նորին գերազանցություն քաղաքականությունը։ Այսօրվա Հայաստանի աղետալի վիճակն ունի մի շարք
պատճառներ, որոնց մասին շատ է խոսվել, քննարկվել, բայց կա մեկը, որը չի արժանանում
անհրաժեշտ ուշադրության և որի մասին քչերն են բարձրաձայնում։ Հատկանշական է, որ
թերևս դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, առանց որի լուծման հայաստանյան քաղաքական
դաշտը նախ չի առողջանա, ինչպես նաև մոտեցումները չեն փոխվի ու մենք մշտապես բախվելու
ենք նորանոր հարցերի ու կորուստների։
Դա քաղաքականությանը մակերեսայնորեն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է։ Դեռևս 19-րդ դարի
վերջերին ավստրիացի քաղաքական հրապարակախոս և մտավորական Մագդա Նեյմանը գրել է «Հայերը»
աշխատությունը, որում բազմաթիվ գովասանքներ կան հայերի հասցեին՝ որպես աշխատասեր, ստեղծարար
ու հյուրընկալ ժողովրդի, սակայն այդ ամբողջ գովասանքների կողքին կա մի շեշտադրում,
որը համառորեն չենք ուզում նկատել և հմտորեն շրջանցում ենք այն: Նեյմանը նկատել է, որ «հայերը չունեն քաղաքական
միտք», (ի դեպ՝ որոշ պատմաբաններ հաճախ շեշտում են, թե նման մարդ ընդհանրապես գոյություն
չի ունեցել, սակայն դրանից իրականությունը չի փոխվում)։
Ըստ էության, պետք է փաստենք, որ հայկական քաղաքական մտքի բացակայության կամ, ավելի ճիշտ, դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։ Դրա փոխարեն՝ մեծամասնության ընկալումներում քաղաքականությունն ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ։ Ավելին, հենց տվյալ իրավիճակի հետ էլ մենք բոլորս առճակատվում ենք, երբ ցանկացած մեկի մտքին կարող է փչել և նա սկսի քաղաքական հայտարարություններ անել, կուսակցություն բացել կամ, իրավիճակի հետ կապված, հրապարակավ քաղաքական գնահատական հնչեցնել։
Չէ, քավ լիցի, զուտ հարցազրույցներ
տալն ու այս կամ այն եթերում հայտնվելը դեռևս քաղաքական գործչի ցուցիչ չէ, սակայն,
հաշվի առնելով, համատարած թյուր պատկերացումները՝ նշված ոլորտի մասին, շատերի
մոտ սիրողական մակարդակով արված վերլուծություններն ու գնահատականները ձևավորում են
կարծիք, առանց հաշվի առնելու, որ այդ գնահատական տվողն ընդամենը քաղաքականությունից
հեռու մարդ է, որը եթերում հայտնվելու մոլուցք կամ հնարավորություն ունի։
Ինչ-որ տեղ
հասկանալի է նման կատեգորիային հարցազրույցի կամ բանավեճի հրավիրելու մոտիվացիան: Քաղաքական մտքի դեֆիցիտը հիմք է
հանդիսացել այնպիսի երևույթի, որ որքան բանախոսը հեռու է լինում իր ներկայացրած բնագավառից,
որքան անհեթեթ ու զուտ վերնագրային, անբովանդակ բառեր է արտաբերում, այնքան
շատ դիտում է ապահովում։
Բոլորովին այլ է այդ «բանախոսների» կարգավիճակը։ Բանն այն է, որ յուրաքանչյուր անհատ, անկախ ամեն ինչից, պետք է ունենա ինքնահարգանք, կարմիր գծեր ու գիտակցի, որ պետք չի մտնել այն ջուրը,
որում չի կարող լողալ։ Դրանով ոչ միայն ինքն է ժամանակի ընթացքում դադարում
լուրջ ընկալվելուց, այլև առհասարակ արժեզրկում է քաղաքական խոսքը, ու հետևանքները լինում
են աղետալի՝ պետության, հետևաբար նաև հանրության համար։
Քաղաքագետ լինելով՝ հստակ
կարող եմ փաստել, որ մենք ամեն կերպ չենք փորձում մուտք գործել այլ ոլորտներ և մի բան
էլ՝ մեր հեղինակավոր կարծիքը տիրաժավորել ու որպես փիլիսոփայական ճշմարտություն հրամցնել,
դրա համար, նախ և առաջ պետք է անհրաժեշտ գիտելիք, անցած ճանապարհ ու այդ նոր բնագավառում
ամբողջովին ինքնադրսևորվելու կամք ու վճռականություն, սակայն քաղաքականությունը որպես
պարապ ժամանակի զբաղմունք ընկալելը, ինչպես արդեն նշեցի, ունենում է աղետալի հետևանքներ
բոլորիս համար։
Պլատոնը ժամանակին ասում
էր, որ քաղաքականության դժբախտությունն այն է, որ դրանով սկսում են զբաղվել հացթուխներն
ու դարբիննները, նման պետությունները դատապարտված են կործանման։ Ողբերգությունը
կայանում է նրանում, որ Հայաստանում մի շարքային խմբագրի մտքով անցավ, որ ինքն արդեն պետություն
է ղեկավարում, ինչի արդյունքում 5 տարի շարունակ ապրում ենք քաոսում, իսկ բոլորովին
վերջրերս կորցրեցինք հայկական երկու պետություններից մեկը և կանգնած ենք մյուսի կորստի
առջև։
Արմեն Հովասափյան









