Foto

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ

Արդեն գործում է ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում վերահսկողություն են իրականացնում պահանջի պահպանման նկատմամբ։ Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար նոյեմբերի 15-ին 400 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից 63-ը՝ Երևանում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։

Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է նաև այն դեպքում, երբ ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհներին երթևեկելիս ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 միլիմետր կամ պակաս է։ Սահմանված պահանջների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել պատասխանատու վարքագիծ։