Foto

Ալիևը մի օր պարզապես կարող է հայտարարել, որ ռևանշիստ հայերը նորից փորձում են հարձակվել իրենց վրա և ռազմական հարձակման հիմք ստեղծել․ փորձագետ

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններին։ Զորավարժությունները կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Սպասվող հնարավոր ազդեցության մասին Vesti.am-ը հարցեր է ուղղել ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին։

 

-          Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ ակնկալել այս զորվարժություններից։

-          Արցախի այս ողբերգական իրադարձություններից հետո էլ մեր պատերազմը չի ավարտվել և թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքներն այսօր էլ, լրիվ իրական են։ Այստեղ կա մեկ այլ դրվագ՝ սա կարող է պայմանավորված լինել իսրաելապաղեստինյան իրավիճակով և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, որոշակի գործողություններ է իրականացնում։

-          Թուրքական լրատավամիջոցները ներկայացնում են, որ զորավարժությունները ընդամենը նվիրված են հանրապետության 100 ամյակին և կրում են սիմվոլիկ բնույթ։ Այս լույս ներքո կարելի՞  է դիտարկել։

-          Նման բաները սիմվոլիկ չեն լինում։ Արևելքը և թուրք-ադրբեջանական տանդեմը սիրում է խորհանշանակությունը դնել իրենց գործողությունների մեջ։ Այստեղ էլ սիմվոլը 100 ամյակն է։ Կարող ենք նաև դիտարկել, որպես Իրանի դեմ պաշտպանողական կամ հարձակողական գործողության տեսանկյուից։

-          Ալիևը խոսում է հնարավոր նոր հարձակման մասին, սակայն միևնույն ժամանակ հայտարարում է, որ տարածքային պահնաջներ չունի։ Եթե տարածքային պահանջ չունի, ապա հարձակման նպատակը ո՞րն է։

-          Երբեք որևէ հարձակվող չի հայտարարում, որ տարածքային պահանջ ունի։ Բոլորն էլ փորձում են իրենց ներկայացնել, որպես խաղաղասեր, որ որոշ դեպքերի բերումով ստիպված են որոշակի ռազմական գործողություններ անել։ Ալիևը մի օր պարզապես կարող է հայտարարել, որ ռևանշիստ հայերը նորից փորձում են հարձակվել իրենց վրա, Սյունիքում տեռորիստներ կան և այլն։ Արցախի վերջին իրադարձություններում ռազմական գործողություններից առաջ հայտարարեց, որ ականի վրա պայթել է զրահամեքենա և որևէ մեկը չհասկացավ, թե ի՞նչ մեքենա էր և ի՞նչ եղավ վերջը։ Եթե Ալիևը հայտարարությունների մակարդակում ասում է, որ պահանջներ չունի, դա չի կարելի իրական համարել։

-          ՀՀ իշխանությունն ասում էր Արցախը տանք և հանգիստ ապրենք։ Հիմա ինչո՞ւ չենք կարող հանգիստ ապրել։

-          Ցավալի է, երբ իրականանում է այն, ի՞նչ տեսնում էիր վաղուց։ 2014-15թթ, երբ խոսում էի այս մասին ասում էին ռուսները կան, կօգնեն և այլն։ 2018թ-ին իշխանություն փոխվեց, իսկ 2023-ին՝ Արցախը կորցրինք։  Այդ արտահայտությունն այս իշխանության կոպիտ սխալներից էր, որ ՀՀ իշխանությունն արեց։ Ընդ որում դա խորն արմատներ ուներ։ Խոսքը դեռ լևոնտերպետրոսյանական ժամանակների մասին է։ Կարևոր է այն, որ ՀՀ ներկայիս իշխանություն ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, օտարացած էր Արցախից և թիրախ ընտրեց հայաստանյան այն բնակչությանը, ում համար Արցախը նախկին իշանություններն արդեն դարձրել էին բեռ։ Նախորդ իշխանությունները չկարողացան ժողովրդին բացատրել Արցախի արժեքը և՛ որպես ՀՀ պատմական հող, և՛ որպես անվտանգային դարպաս։ Նախկին նախագահները երկրի բոլոր խնդիրները կապում էին Արցախի հետ։ Պայմնական մի գյուղացու երեխայի տանում էին Արցախ ծառայելու և այդ գյուղացուն չէի բացատրում թե Արցախն իր ինչին է պետք։ Ընտրություններ էին կեղծում, մոնոպոլիաներով բենզինի գին էին թանկացնում և անունը դնում էին Արցախ։ Ոչ միայն չէին բացատրում, այլև՝ բոլոր բացասական երևույթները բացատրում էին հենց Արցախով։ Դրա արդյունքում հասարակության մեջ գերակշռեց այն մասսան, որը ոչ թե Գևորգ Մարզպետունի էր կարդում, ով ասում էր՝ միչև վերջին թշնամուն չհեռացնեմ իմ հայրենիքից, չեմ մտնի իմ տուն, այլ՝ դիտում էր «Վերվարածներ» և այլ սերիալներ։ Այս ամենի արդյունքում էլ իշխանության եկածը հայտարարեց, որ Արցախը մեզ պետք չի, որ գյուղացու երեխան էլ չի գնա ծառայելու և եղավ այն ինչ եղավ։ Ցավոք, հենց այդ գյուղացու երեխան պետք է գնա բանակ, մնա անպաշտպան, անզեն, վիրավորվի, զոհվի, որ իմ կողմից հարգված զոհվածի ծնողի նման հայտարարի՝ ձեռքերս չորանար, Նիկոլին ձեն չտայի։ Իշխանությունը պետք է կարողանար հասարակության այն ջիղը պահել, որ 90-ականներին ատամները սեղմած Շուշի էր գրավում և հանուն Արցախի պատրաստ էր ամեն ինչի։ Մեր բախտը դեռ բերում է նրանով, հայի գենը թուրքի դեմ դեռ մի քիչ գործում է։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան