Ռուսական կողմը վերջին երեք տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ աջակցությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։
«Այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, քրտնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների կարգավորմանը»,– նշել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը ԼՂ–ում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։
«Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով և կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նախ պետք է հանդիպեն արտգործնախարարներն ու փորձագետները»,– ասել է ՌԴ նախագահը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում։
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով:
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում», - ասել է ՌԴ նախագահը:









