Foto

Ալիևը փոխո՞ւմ է բանակցային հարթակը

Աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք զարգանում են երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ, իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում ոչ միայն աշխարհում ընթացող գործընթացների, այլև մեր տարածաշրջանի վրա։ Սա մի բարդ ու քաոսային փուլ է, որտեղ բոլորը փորձում են իրավիճակին համահունչ և հնարավորինս ճիշտ նախապատրաստվել ու դիրքավորվել։ Բացառություն չի նաև Հարավկովկասյան տարածաշրջանը և, դրա ֆոնին, ՀՀ արտաքին քաղաքական կուրսի «լողացող» ուղղությունը լավ բան չի հուշում, առավել ևս՝ հուսադրում։ Այսօր մեր տարածաշրջանը լրջագույն տրանսֆորմացիաների փուլում է, և դա Ադրբեջանի վարչակազմը շատ լավ է հասկանում՝ փորձելով օգտվել անկայուն փուլից և արտատարածաշրջանային ուժերի անկայուն վիճակից։ Հենց դա է պատճառը, որ Արցախյան պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը անընդհատ միջնորդ ու բանակցային օրակարգ են փոխում։ Ավելին, հիմա էլ նմանատիպ փուլում ենք․ չմոռանանք, որ, Փաշինյանի նախաձեռնությամբ, ԵՄ հովանու ներքո շատ հարցեր բանակցվեցին, իրագործվեցին, իսկ հիմա Ադրբեջանը հրաժարվում է գործընթացի շարունակությունից, ուժի է դիմում, քանի որ վստահ է, որ չեն լինելու իր դեմ պատժամիջոցներ, վստահ է, որ պայմանավորվելու է՝ ինչպես միշտ։ Այլ բառերով ասած՝ Ալիևի թուրն աջ ու ձախ կտրում է և իր քմահաճույքներով է առաջնորդվում, տարբեր կապրիզներ դրսևորում։

Փաստացի, Ալիևը՝ նախ առանց իր ներկայության նոր զիջումների հավաստիացումներ է ստանում Փաշինյանից ու Արևմուտքից, եվրոպական հարթակից ստանում է առավելագույնը, զուգահեռ էլ՝ փորձում է Անկարայի ու Մոսկվայի հետ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդել։ Նրա վերջին հայտարարությունները, հատկապես Գրանադայի հանդիպումից հետո, բավականին մտահոգիչ են ու սադրիչ։ Ալիևը Միշելի հետ հեռախոսազրույցում ոչ միայն հայտարարել է, թե «ադրբեջանական անկլավները» դեռևս գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ և դրանք պետք է «ազատագրվեն», այլև շեշտել, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելը մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը։

Թերև հենց նմանօրինակ տրանսֆորմացիաների ու անընդհատ փոփոխությունների մասին է խոսում նաև «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելում օրերս բռնկված պատերազմը, որը հայտարարվեց որպես ռազմական գործողություն, սակայն իր մասշտաբներով ամենևին գործողություն չէր, այլ պատերազմ՝ տարբեր խաղացողներով ու շարունակության տարբեր սցենարներով։ Ի դեպ, բոլոր փորձագետների և վերլուծաբանների բնորոշմամբ այդ ամեն իր ուղղակի արտացոլումն է գտնելու նաև Հարավային Կովկասին ու ողջ տարածաշրջանի հարևանությանը՝ գլխավորապես Իրանին, ինչպես նաև՝ Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին։ Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ սա տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուենցած մեկօրյա պատերազմից հետո։ Պետք է արձանագրենք, որ հարավկովկասյան սեգմենտում տեղի ուենցող գործընթացներն ու շրջադարձային զարգացումները ոչ միայն փոխկապակցված են, այլ ներկայիս զարգացումները կարող են ունենալ իրենց հետևանքները հենց մեր տարածաշրջանում: Դրա համար առկա են դեռևս չլուծված խնդիրներ, ինչպես նաև ավելի գլոբալ՝ Իրան-Իսրայել հակամարտություն, բացառված չեն գործողություններ Իրանի դեմ՝ ինչ-որ սցենարների դեպքում (այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այսօր կարևոր է հետևել իսրայելական թատերաբեմին)։

Բնավ պատահական չէ, որ Գրանադայի հանդիպումից հրաժարվելու ֆոնին Ալիևն արդեն քանի օր է՝ խոսում է «3+3» վեցակողմ համագործակցության ձևաչափի մասին։ Ակնհայտ է, որ կա ցանկություն՝ բոլոր խնդիրների կարգավորումը տեղափոխել հենց այս հարթակ՝ թույլ չտալով Արևմուտքին ստանալ ազդեցություն։ Այս հարցում Վրաստանի ու Հայաստանի դիրքորոշումը, սակայն, կարող է ազդեցիկ լինել, Եթե վփորձեն ինքնուրույնության նշաններ ցույց տալ։ Ի սկզբանե, Վրաստանը մերժել է այս ձևաչափը ոչ միայն ՌԴ մասնակցության պատճառով, այլև այն պատճառով, որ դա ստեղծվել է, որպեսզի բոլոր ռեգիոնալ հարցերը տեղում ամփոփվեն և դուրս չգան դրա սահմաններից։ Այս նպատակի շուրջ կարծես արդեն միավորվել են Իրանը, Ադրբեջանը՝ ի դեմս Թուրքիայի, և Ռուսաստանը։

Ի դեպ, այս ամենը շատ հետաքրքրական է հատկապես հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման ֆոնին․ փաստացի Ալիևն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, փորձում ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, բայց որ Տավուշի հատվածում «անկլավների ազատագրման» պատրվակով կարող են լինել նաև ռազմական լոկալ բախումներ, բացառված չեն: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը նման եղանակով փորձել է բուն բանակցությունների սեղանի շուրջ իր ուզածը ստանալ։ Այստեղ հարցն այն է, որ հայկական կողմը, սովորույթի համաձայն, նոր զիջումների հավաստիացումների և քայլերի չգնա, այլապես անընդհատ նույն ծանր շրջապտույտի մեջ ենք հայտնվելու։ Իսկ թե այս խառը և վտանգավոր պրոցեսների մեջ ինչ դիվանագիտական «հաղթանակների» մասին են խոսում ՀՀ իշխանությունները՝ միայն իրենք գիտեն։

Վրաստանն աջակցելու առաջարկ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին, սակայն բանն այն է, որ Վրաստանը փաստացի չի կարող լինել միջնորդ, երբ այդ առաքելությունը չեն կարողանում իրականացնել նույնիսկ Շառլ Միշելն ու Օլաֆ Շոլցը։ Առկա է շատ բարդ հակամարտություն, որի նկատմամբ հեղինակություն ունեն միայն ամենաուժեղ առաջնորդներն ու երկրները՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, որոնք եղել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ։

Ամփոփելով արձանագրենք, որ չի բացառվում, որ այս փուլում Ալիևը փորձի հեռանալ Արևմուտքի միջնորդությունից լիովին, Գրանադայի հանդիպումը դրա փոքր փորձն էր, կուլիսային խոսակցությունները չգիտենք, թե ինչ ուղղությամբ են ընթացել, սակայն, եթե հետևողականություն և ճնշումներ չլինեն, ԵՄ-ն և Արևմուտքը հակամարտության միջնորդությունից դուրս կգան և բանակցությունները կտեղափոխվեն հարավկովկասյան հարթակ։

Արմեն Հովասափյան