Բայրամովը հոդվածում, մասնավորապես, նշել է, որ «Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։ Այսինքն՝ Ադրբեջանի գլխավոր դիվանագետը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ իրենց ոչինչ չի հաջողվել և իրենք ուղղակի սպասել են և վերջ։ Ներկայումս էլ, երբ հայկական Արցախն օկուպացված և հայաթափված է ադրբեջանաթուրքական գործողությունների արդյունքում, երբ հայկական բանակը ճգնաժամ է ապրում, երբ Ադրբեջանի բանտում են Արցախի Հանրապետության նախկին նախագահները և բարձրաստիճան պաշտոնյաները, այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունը չի կարողանում ազատվել ՀՀ նախկին իշխանությունների՝ իրենց պատճառած մղձավանջից, և անգամ նրանց ստվերից է վախենում։
Իսկապես դժվար է մոռանալ Մոնթեի, Դուշման Վարդանի, Բեկոր Աշոտի, Լեոնիդ Ազգալդյանի,
Կոմանդոսի, Սերյան Օհանյանի և Արցախյան հերոսամարտի մյուս հերոսների սխրանքը՝ հատկապես երբ այդ ամենն
Ապրիլյան պատերազմի ժամանակ շարունակեցին մեր մյուս հայորդիները՝ ապացուցելով, որ հայկական բանակն անպարտելի է։
2018թ իշխանափոխությունն անգնահատելի նվեր էր Ադրբեջանի և իր ավագ եղբոր՝ Թուրքիայի, համար։
Իրենք իրենց, իսկ Փաշինյանի միջոցով՝ նաև մեզ, համոզեցին, որ միջազգային հանրությունն իրենց կողմից է, համոզեցին,
որ գոյություն ունեն իրենց օգտին կայացած միջազգային ինչ-որ ակտեր, այնինչ՝ մինչ հեղափոխությունը, Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի
անկախությունը։
Հիմա էլ իրենց պահանջների կատարումն արագացնում են, ստիպում են, որ Արցախի Հանրապետության
լուծարման մասին փաստաթուղթ ստորագրվի, «խաղաղության պայմանագիր» կամ մի այլ բան, միայն թե՝ արագ։
Այս ամբողջ գործընթացում Ադրբեջան այլ աջակցություն չի խնդրում միջազգային հանրությունից
քան այն, որ չաջակցեն Հայաստանում «ռևանշիստական» ուժերին, իսկ մնացածը ՀՀ ներկայիս
իշխանությունը կանի այնպես, ինչպես իրենք են ուզում։
Բայրամովի այս արտահայտությունը նաև ապացուցում է այն իրողությունը, որ ՀՀ-ում Փաշինյանի իշխանության հովանավորները Թուրքիան և Ադրբեջանն են, իսկ ՀՀ շարքային քաղաքացին դեռ մոլորված է իր անելիքներում։









