Երևանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Քվեարկությանը մասնակցեց ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չկար: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել ավագանու 32, դեմ՝ 5 անդամ: Քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 33 կողմ ձայն, սակայն քանի որ Ավինյանը քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր, ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր
ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» - 12 մանդատ
«Հանրապետություն» - 8 մանդատ
«Հանրային ձայն»- 7 մանդատ
ՔՊ-ի 24 և Արտակ Զեյնալյանի գլխավորած
«Հանրապետություն» կուսակցության 8 մանդատը միասին ստացվում էր 32 քվե, սակայն նրանք
նիստին չէին կարողանալու քվորում ապահովել, եթե նրանց չմիանար «Դոգ» մականվամբ հայտնի
Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը։ Նրանց 7 անդամից նիստին բացակայում
էին երկու կալանավորված անձինք։
Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» նախապես էին հայտարարել, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց և նիստը կայացավ: Թեև նա և իր թիմի անդամները հայտարարում էին, որ ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ գործարքի չեն գնա, սակայն, հավանաբար, գործարքի առաջարկը գայթակղիչ է եղել։
Էականն այն է, որ կար իրական հնարավորություն՝ ՔՊ-ից վերցնելու 2 մլն բնակչություն ունեցող քաղաքի կառավարումը, սակայն չարվեց։ Գործարքի գնալ մի ուժի հետ, ում ինքդ մեղադրում ես թշնամուդ հետ գործարքի գնալու մեջ, նույն է, թե ինքդ թշնամու հետ գործարքի գնաս։ Այս իրողությունը գուցե հաշվի առնեն Երևանի այն բնակիչները, ովքեր քվեարկեցին այդ կուսակցության օգտին՝ իբրև ընդդիմադիր: Հիմա հասկացա՞ք, թե ո՞ւմ պատվերով է այդ կուսակցության ղեկավարը ձեզ այդքան «ականջահաճո» հայհոյանքներ հնչեցնում ձեր ընտանիքներում։









