Foto

Արդարություն են վաճառում՝ սարքովի

Լևոն Քոչարյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը որոշումը կհրապարակի 19.10.2023թ-ին։ Վերջինս ինքնաբացարկ չհայտնեց։ Այս մասին տեղեկացնում են Լևոն Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Գայանե Պապոյանը։

Դեռ որոշման հրապարակմանն ուղիղ 10 օր կա, բայց կարող ենք պնդել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։

Սա բնավ գուշակություն չէ, այլ առողջ տրամաբանություն, որն առաջացել է Մհեր Արղամանանի մյուս իշխանահաճո որոշումներն ուսումնասիրելիս։ Արղամնյանը իշխանության «սրտի դատավորն» է և, հետաքրքիր զուգադիպությամբ, քրեական-քաղաքական որոշումները դատավորների էլելտրոնային «արդիականացված, անկախ» համակարգը մակագրում է հենց նրան, իսկ կալանքի գործերը՝ միչդատավարական գործերի դատավոր Դավիթ Արղամանյանին՝ Մհեր Արղամանյանի որդուն, ով 2018թ իշխանափոխությունից հայտնի է որպես «դհոլ զարկող», ով փաստաբանի արտոնագիր ստացել է 2018թ-ին՝ իշխանափոխությունից հետո։ Վերջինս ֆեյբուքյան հարթակում մշտապես հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի նկատմամբ քննադատությամբ։ Ուշագրավ է՝ երբ նորաթուխ փաստաբանը քննադատում էր դատաիրավական համակարգը,  նրա հայրը՝ Մհեր Արղամանյանը, դեռ 1999 թվականից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

Մհեր Արղամանյանից դժգոհում էին Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայցուցիչները, քանի որ դատավորն անփոփոխ էր թողել իրենց համակիր անդամներ Պավել Մանուկյանի ու Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը: Նա 2019թ. մարտի 18-ին մերժեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու՝ պաշտպանական կողմի բողոքը։ Դա ուշագրավ էր նրանով, որ այդ գաղտնալսման մեջ խոսք էր գնում Ռոբերտ Քոչարյանին «ուզած-չուզած» կալանավորելու մասին:

Ի դեպ, 2012 թվականի մարտի 16-ին արդարադատության խորհուրդը Մհեր Արղամանյանին հայտարարել է նկատողություն՝ 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկմամբ: Հայտնի «Մատաղիսի» գործով վերաքննիչ դատարանի դատավորներ Մհեր Արղամանյանը և Արմեն Դանիելյանը առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված 3 երիտասարդների պատիժը փոխարինել են  ցմահ դատապարտման: Այնինչ շուտով վճռաբեկը գործը կարճեց և երիտասարդներին ազատ արձակեց: Իսկ դատական սխալների համար եվրադատարանը 50 հազար եվրոյի փոխհատուցման որոշում կայացրեց ընդդեմ ՀՀ-ի:

2019թ. Մայիսի 4-ին Փաստաբան Երեմ Սարգսյանը «Հետք»-ին ուղարկված գրությամբ բարձրաձայնել է դատավոր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Նա մեղադրում էր դատավորին դատախազության ցանկալի դատավորը լինելու և ապօրինի դատական ակտ կայացնելու համար: Խոսքը հերթական, ոչ հնչեղ քրեական գործի մասին էր:

Մեկ այլ գործով էլ Արղամանյանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և անձին կալանավորման որոշում կայացրել, իսկ որոշ ժամանակ անց գործը կարճվել էր՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ:

Մհեր Արղամանյանը դատավոր է աշխատում 1996թ-ից, արդեն 27 տարի, և նրանից դժգոհ են բոլոր ժամանակների ընդդիմադիր գործիչները։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ շատ ջանք գործադրել՝ հասկանալու համար, որ Լևոն Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքը մերժվելու է և նա շարունակելու է կալանքի տակ մնալ, իսկ իրեն հարվածած ոստիկանները՝ ազատության մեջ։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան