Foto

Աշխարհաքաղաքական քարտեզը գլխիվայր շրջվել է

Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը գլխիվայր շրջվել է, այն, ինչ կար վերջին 30 տարիներին, այլևս ավազե դղյակ է և փաստացի գոյություն չունի։ Լրիվ այլ են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահարվերները, ինչպես նաև փոխվել են շահերի բախման չափաբաժինները։

Հատկանշական է, որ օրերս Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ներդնել իր ավանդը հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում, քանի որ լարվածությունը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին։ Միևնույն ժամանակ, Բաղերին ընդգծել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման թիկունքում չպետք է լինեն ագրեսիվ նպատակները կամ մտադրությունները։ Հետաքրքիր է, որ մեր տարածաշրջանում զարգացումները տեղի են ունենում լույսի արագությամբ, երբ մեկ օրվա տարբերությամբ ամբողջովին փոխվում է մինչ այդ գոյություն ունեցող իրադրությունը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։

Առաջին հերթին կարևոր է ՀՀ դերն ու տվյալ փուլում ճիշտ դիրքավորումը, որպեսզի «գելի բաժին չդառնանք»։ Իսկ տվյալ դեպքում, ինչպես ցույց է տալիս առկա իրողությունը, Արևմուտքն է, ով ամեն ինչ անում է ՀՀ-ից և ողջ հարավկովկասյան սեգմենտից հեռացնել ռուսական ներկայությունը։ Դա հիմնականում արվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով և լուռ համաձայնությամբ․ դա տեսնելի է վերջին իրադարձությունների կտրվածքում, երբ պետական ողջ քարոզչամեքենան (իհարկե՝ տակից, որոշ դեպքերում էլ՝ բացահայտ) հակառուսական թեզերի գեներացմամբ ու դրանց տիրաժավորելու գործով է զբաղված։ Վերջին ցցուն օրինակը Փաշինյանի Գրանադայում ունեցած ֆոտոսեսիաներն էին՝ Զելենսկու և Տիխանովսկայայի մասնակցությամբ։ Արևմուտքի սիրաշահումներին կուլ գնալով և նրանց նետած «կուտն» ուտելով՝ Նիկոլը գնում է բացահայտ արկածախնդրության՝ փորձելով հակադրվել ՌԴ-ին և նրան ուղղված տարբեր անուղղակի մեսիջներ հղել։ Պետք է փաստենք, որ աշխարհաքաղաքական իրադարձությունների այն ընթացքը, երբ կթուլանա բանակցությունների եվրոպական հարթակը, և առաջին պլան կգա ռեգիոնալ համագործակցությունը՝ բխում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաև ՀՀ շահերից, թեև ՀՀ իշխանությունները ամեն կերպ փորձում են գործընթացը պահել Արևմուտքում, որն, ինչպես տեսնում ենք, առանց Իլհամ Ալիևի չեն կարողանում իրականացնել։

Թերևս հատկանշական է այն, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն չի ցանկանում «նեղացնել» Ադրբեջանին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, չափազանց վատ փուլում են, ուստի ՌԴ շահերից է բխում, որ Իրանը հանդես գա որպես ակտիվ խաղացող և որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, որը կարող է տեղում կոնկրետ երաշխիքներ ձևավորող լուծումների գնալ ՀՀ-ի համար։ Դրանից բացի, Հայաստանի նկատմամբ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ազդեցությունն այս փուլում կթուլանա, սրա հետ մեկտեղ՝ Իրանը բարելավում է հարաբերություններն Ադրբեջանի հետ. բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ընթանալ ռուսական միջնորդությամբ։

Ի դեպ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ, Ալիևի մեծագույն ցանկությամբ, ՀՀ հետ բանակցություններին միանում է նաև Թուրքիան։ Ինչպես երևում է, հաջորդ բանակցային գործընթացը չի լինելու հնգակողմ ձևաչափով, և ներկայումս ընթանալու են բանակցություններ՝ միայն Միշելի կամ ՌԴ-ի միջնորդությամբ։ Չպետք է բացառել, որ երկարաձգվի նոր ձևաչափի փնտրտուքը․ Ալիևն Արևմուտքից ցանկանում է վերադառնալ տարածաշրջան, որտեղ կարող է ակտիվանալ 3+3 ձևաչափը, որը բխում է Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերից, հատկապես, երբ նրանց որևէ մեկի շահերից չի բխում Արևմուտքի ամրապնդումը ՀՀ-ում։

Արմեն Հովասափյան