Ազգային ողբերգության ու գենետիկ փտախտի մեջ ենք ու սա
ունի ծանր, չի բացառվում նաև անդառնալի հետևանքներ։ Իսկ ասվածի մասին փաստերը
մի քանի հատորյակներ են, որոնցում հստակ ընդգծվում է, թե ինչ բարոյական արժեհամակարգ
է տիրում այսօրվա հայ իրականության մեջ։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, իջեցնելով Արցախի հարցում, այսպես կոչված, նշաձողը, ձեռքի հմուտ շարժումով իջեցրեց նաև հայ ազգի ազգային արժանապատվության ու արժեքային ողջ նշաձողը, քանի որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել է նորանկախ Հայաստանի կազմավորման առանցքային իմաստը, այն անկյունաքարային հենքը, որը կապակցել է պետության ու պետականության մնացած բոլոր առաջնային ու ածանցյալ իմաստները։ Այլապես շատ դժվար է պատկերացնել, հավանաբար ոչ մի բանական հայի ուղեղում երբեք չի էլ տեղավորվել, որ հնարավոր է ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող խմբի ներկայացուցիչ, ով կրում է «յան» վերջածանցով ազգանուն, կուրախանա, երբ թուրքը կձերբակալի իր հայրենակցին։ Սա, բնական ռեակցիա է, որտեղ խոսում է արդեն ազգային գենի բաղադրիչը, և դու անկարող ես դրա դեմ որևէ կանխարգելիչ քայլ կատարել։ Այսինքն, տվյալ իրավիճակում դու առաջնորդվում էս ոչ թե ուղեղով, այլ զուտ բնազդով և հասկանում, որ տվյալ պահին խոսքը քո արյունակցի մասին է, իսկ ձերբակալողը կամ, տվյալ դեպքում, առևանգողը քո պատմական թշնամին է՝ ոսոխը։ Չէ, սա բնավ պաթոս չէ, ոչ էլ կենաց, ուղղակի փորձում ենք փաստերի համադրություն անել և հասկանալ, թե ո՞ր պարագայում և ինչ հոգեբանական իրավիճակում կարող է հայն ուրախանալ մեկ այլ հայի ձերբակալմամբ, երբ այն իրականացվում է թուրքի ձեռամբ։
Իրականում նման դրվագներ հայոց պատմության մեջ արձանագրվել են
քանիցս, երբ օրինակ հայ իշխանը գաղտնի գործարքի է գնացել, ասենք, հռոմեացի կամ բյուզանդացի
պաշտոնյաների հետ, կամ համագործակցության՝ արաբների պարագայում, որոնք մեկնաբանության
հարցեր են, իսկ այ թուրքական ներկայացուցիչների հետ ունեցած բոլոր համագործակցությունները
միանշանակ դավաճանական են դիտարկվել ու դա ապացուցման կարիք չունի։ Նմանօրինակ դավաճանական
գործունեության առաձին ծիծեռնակը Պետրոս Գետադարձն էր, մյուսը՝ Մելիք Շահնազարը, դե
իսկ 1915-ին հայ մտավորականության ցուցակները կազմողների մասին խոսելն
անիմաստ է։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ուենցավ վերջին մի քանի
օրերին, երբ Հակարի կամրջի վրա ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական էլիտայի առանցքային դեմքերը։ Իշխանությանը սատարող մի ամբողջ ոհմակ, նման ձևակերպում եմ տալիս,
քանի որ նրանց դրսևորած վարքագիծն այլ բնորոշում չունի, վայնասուն բարձրացրին և սկսեցին
տարբեր էժան հնարքներով այս թեման «խուրդել» և հանրային լայն տիրաժավորում ապահովել, որտեղ բանալի բառն էր՝ «ղարաբաղցիքին բռնեցին»։
Հենց այստեղ քաղաքական ոչ մի տարրական գիտելիք չունեցող և ազգային
արժեհամակարգից զուրկ ամբոխը սկսում է օրգազմ ապրել։ Միանգամից աղմուկին, համապատասխան
մասերով, տրվում են փաշինյանական «համեմունքները», և պատկերը դառնում է ամբողջական։
Իսկ իրավիճակի ողջ ողբերգականությունը կայանում է նրանում, որ տեղի ուենցածին, երբ
ապօրինի ձերբակալվել են Արցախի երեք նախագահ, նախկին պետնախարար, 2 գեեներալ ու ԱԺ
նախագահ ոչ մի քաղաքական գնահատական չի տրվում՝ անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից
ու քաղաքական օրիենտաիցայից։
Վերջում արձանագրենք մի առանցքային դրվագ. Արցախի հարցը երկար, շատ երկար ժամանակ լինելու է հայկական
հանրային-քաղաքական օրակարգի անբաժանելի, իսկ ավելի հավանական է՝ առաջնային հարցը,
քանի որ այն հայկական ինքնության անքակտելի մասն է: Տվյալ դեպքում չափազանց կարևոր
է, որպեսզի Արցախի հարցի արդեն նորովի քաղաքական արծարծումը զերծ լինի ինչպես ներքաղաքական
ճղճիմ հռետորաբանությունից, այնպես էլ՝ արտաքին քաղաքական խաղացողների հետ առևտրի առարկա
ու դրա միջոցով իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու հեռանկարից:
Արմեն Հովասափյան









