Foto

Արյունոտ զուգահեռների Հայաստանը

Հայաստանում առկա է երկու իրականություն՝ նիկոլական և իրականում գոյություն ունեցող։ Մարդիկ ապրում են երկու՝ միմյանց հակոտն կյանքով․ մի տեղ ամորֆ կերուխում է, մյուսում՝ դաժան իրողությունների հետ ճակատամարտող ֆանատիկների հանրույթ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ հայաստանյան իշխանությունների հստակ գծագրածով արվում է այնպես, որ հանրային լայն շրջանակները հնարավորինս քիչ առերեսվեն բուն մարտահրավերների, իրական սպառնալիքների հետ և ապրեն «հով ու ապահով»։ Ինչու «ապահով», քանի որ Նիկոլի սեկտանտների համար առաջնային են՝ ասֆալտը, թոշակն ու «աննախադեպ, թռիչքային զարգացումները»։ Իսկ հայրենիքը, պետությունը, առավել ևս՝ Արցախը, ըստ նիկոլապաշտ սեգմենտի՝ «ֆեյք օրակարգեր են, որոնք նախկիններն անընդհատ շահարկում են»։

Վերջին շրջանում նշած մոտեցումներին ավելացել է մի ավելի մարազմատիկ պնդում․ «եթե նախկինները եկան կամ Նիկոլը գնաց՝ պատերազմն անխուսափելի է»։ Հիմա մի պահ սթափվենք ու մտածենք․ ամենօրյա «խաղաղության դարաշրջան» բացելու և «անհոգնել խաղաղության օրակարգը» թիվ մեկ նպատակ համարող անձի կառավարման շրջանում Հայաստանն ունեցել է ամենից շատ զոհերն ու կորուստները։ Սա փաստ է, որի մասին խորքային գիտելիքներ ու պնդումներ պետք չեն, ուղղակի պետք է նայել թվերը։ Ըստ էության՝ նիկոլալական կառավարման տարիներին հայ ազգն ունեցել է իր ժամանակակից պատմության ամենաարյունոտ շրջափուլը՝ երկու պատերազմ (44-օրյա և սեպտեմբերյան), որոնց ընթացքում ունենք, պաշտոնական տվյալներով, 4300, իսկ ոչ պաշտոնականով՝ հայտնի չէ, թե ինչքան զոհեր, մի քանի տասնյակ հազար վիրավորներ ու հոգեպես շեղված մարդիկ, քովիդ, որը խլեց մոտ 10 հազար մարդու կյանք, հայրենիքի կորուստ, ամենօրյա մահեր բանակում (ոչ մարտական պայմաններում, միայն անցնող մեկ տարվա ընթացքում, ունեցել ենք 65 մահվան դեպք)։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։

Ահա այսքանից հետո Փաշինյան Նիկոլը դեռ շարունակում է խոսել պատերազմի վտանգի մասին։ Ավելին, մինչ նրա բերած ծուռ հայելիների իրականության մեջ Երևանը համայնքապետ է ընտրում, Արցախում և ՀՀ սահմաններին ադրբեջանական ռազմական ուժերի ամենօրյա կուտակումներն ու  տեխնիկայի համալրումներն ավելի են ինտենսիվանում։ Այսօր էլ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն առավոտվանից տարածում են, թե «հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել»:

Ըստ էության՝ գոյություն ունեցող իրականությունն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ: Սա առիթ է՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու։

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել։ Այլ կերպ ասած, ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ ագրեսիվ քայլերի  գնա: Իսկ Երևանում իշխանություն կոչված սեկտանտները փորձում են «վերականգնել արդարությունը» և ԿԸՀ-ին հանձնարարել են ձայների վերահաշվարկ իրականցնել։ Սա է հայաստանյան իրականությունը։

Արմեն Հովասափյան