Ռուսաստանը տարբեր տարբերակներ է ուսումնասիրում ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով Ղարաբաղում հումանիտար իրավիճակի պատճառով միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունները՝ Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը հետեւողականորեն շարունակում է համապատասխան աշխատանքը։
«Մենք կշարունակենք դա անել։ Բոլորովին վերջերս Ղարաբաղ հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերով։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Իսկ առայժմ տարբեր տարբերակներ են քննարկվում ու մշակվում կողմերի հետ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ Աղդամի երթուղուն զուգահեռ։









