Foto

Արցախի նախագահին «շնորհավորելու բան էլ չկա», բայց հայ-գվատեմալական հարաբերություննների զարգացման հեռանկար կա՛, կա՛ հեռանկար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հենց նմանորակ հաղորդագրություններից է, որ ՀՀ քաղաքացիները վերհիշում են երկրի նախագահի գոյության մասին։

Որևէ մեկը նույնիսկ չի էլ ակնկալում, որ երկրի օրհասական ինչ-որ իրավիճակում հանրապետության նախագահը որևէ ասելու և առավել ևս անելու բան կունենա, թեև ՀՀ հպարտ քաղաքացին շարունակում է ամեն ամիս իր գրպանից պարբերաբար վճարել նախագահի աթոռը զբաղեցնող անձի աշխատավարձը, հոգալ նրա և նրա ընտանիքի ամսական ծախսերը, վճարել ճոխ ճամփորդությունների և այլնի համար։

Հավնաբար ՀՀ քաղաքացիների շատերը, առհասարակ, հայ-գվատեմալական հարաբերությունների գոյության մասին էլ հենց այս պաշտոնական հաղորդագրությունից իմանացան, սակայն պարզվում է, որ նման հարաբերությունները կան և այն նույնիսկ զարգացնելու և խորացնելու հույսներ կան։

Իսկ արդյո՞ք Վահագն Խաչատրուրյանը տեղյակ է, որ  հայկական երկրորդ հանրապետության՝  Արցախի նախագահի ընտրվելուց անցել է 6 օր, ինքը կամ իր անունից իր աշխատակազմը դեռ որևէ շնորհավորական տող չի գրել նրա ընտրվելու առթիվ։

Պետք է հաշվի առնել, որ Խաչատուրյանն իր պաշտոնի համար խորապես պարտական է Նիկոլ Փաշինյանին, ուստի անվերապահորեն էլ ծառայում է։ Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ շնորհավորելու բան էլ չկա։  Վահագն Խաչատուրյանն էլ, հավատարիմ իր թիմի ղեկավարին և անդամաներին, որոշեց, որ Արցախի հետ հարաբերությունները զարգացնելու կարիք չկա և հույս չհայտնեց այդ առիթով։ Հայ-գվատեմալական հարաբերություններն էլ, հավանաբար, երբեք այսքան լավ մակարդակի վրա չեն եղել։

Հոգ չէ, ՀՀ քաղաքացին կշարունակի իր բոլոր պարտավորությունները ժամանակին կատարել, որ որևէ խոչընդոտ չստեղծվի իշխանության ներկայացուցիչների և հայ-գվատեմալական հարաբերությունների զարգացման համար, իսկ հայերը կշարունակեն այս իշխանությանը ներել իր 120 000  բնակչությանը հումանիտար աղետի մեջ պահելու համար, նրանք դեռ դիմանում են։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան