«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:
Հանրության մեջ հարցի վերաբերյալ տարակարծություններ եղան, «ինչու» հարցի շուրջ քննարկումները շատ էին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:
«Ի սկզբանե չի եղել Աղդամի ճանապարհի բացումը, ոչ թե խորքում քննարկում է գնացել դրանով իսկ Լաչինի միջանցքի բացման հարցով, այլ ճիշտ հակառակը: Առաջնային խնդիր է դրված Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնումը: Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ հիմնական շարժը պետք է տեղի ունենա Աղդամից Ստեփանակերտ, Արցախի իշխանությունները, բնականաբար, դրան դեմ էին, որպես կոմպրոմիսային տարբերակ ռուսական կողմը ներկայացրել էր առաջարկ, որ ոչ թե Ադրբեջանի կողմից և ադրբեջանական հումանիտար բեռ մուտք գործեր Արցախ, այլ ռուսական Կարմիր խաչը, որ Ռուսաստանից մուտք էր գործել Ադրբեջան, կարող էր սիմվոլիկ մեկ բեռնատարով մուտք գործել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան: Դրանից հետո Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվեր այն չափով, որ գոնե հնարավոր դառնար մեծածավալ բեռների տեղափոխումը ռուս խաղաղապահների միջոցով: Ադրբեջանը սկզբում տվել էր իր համաձայնությունը, ռուսական կողմը դա ներկայացրել էր Արցախի իշխանություններին, համաձայնեցրել էր, բայց ավելի ուշ Ադրբեջանը փորձեց վերապահումներ մտցնել այդ առաջարկում, ինչի հետևանքով գործընթացը տապալվեց: Կարծում եմ, որ այդ տապալումն ակնհայտ էր և՛ ռուսական կողմի, և՛ պայմանական Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար: Դրանով էր պայմանավորված, որ գործընթացի տապալմանը հաջորդեցին բավականին ակտիվ հայտարարությունները Լաչինի միջանցքի բացման մասով: Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը տապալեց այդ գործընթացը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը:









