ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը նախօրեին Հայաստանին զգուշացրել էր, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի փոփոխության դեպքում Հայաստանը կարող է զրկվել ռուսական գազը արտոնյալ գնով ձեռք բերելու հնարավորությունից։
Հիշեցնենք՝ գազային պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա վերջին։ Այն կնքվել էր 2016 թվականին՝ 10 տարի ժամկետով։
Էներգետիկ փորձագետ Արմեն ՄանվելյանըAysor.am-ի հետ զրույցում նշել է, որ գազն ունի երկու գին՝ քաղաքական և շուկայական. «Հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան նախկինում գործող ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները՝ մենք քաղաքական գին էինք վճարում, որը մի քանի անգամ էժան է շուկայական գնից։ Հիմա, եթե այդ քաղաքական հարաբերությունները վերանում են, պարզ է, որ ՌԴ-ն էլ վերանայում է այդ քաղաքական գինը, որով տալիս է գազը»։
Նա համոզված է, որ հունվարի 1-ից գազի գինը կբարձրանա։ Նրա խոսքով՝ Եվրոպայում գազի շուկայական գինը մոտավորապես 800 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի համար։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի գազի ներկրումը և փորձի այն ձեռք բերել նաև հարևան երկրներից՝ Մանվելյանը դա անլուրջ մոտեցում է համարեց։
«Այդ գնով, որքանով ՌԴ-ն է մեզ վաճառում, գազի գին չկա։ Տեսականորեն, իսկ պրակտիկայում դա համարյա թե անհնար է, գազ կարող են ներմուծել հարևաններից, բայց այն լինելու է շատ թանկ, նույնիսկ երեք անգամ ավելի թանկ, քան մեր այսօրվա վճարածը», ասաց նա։
Մանվելյանի խոսքով՝ Իրանը, ԱՄՆ-ի հետ պատերազմի պայմաններում, խնդիրներ ունի ներքին գազամատակարարման ոլորտում։ Նրա կարծիքով՝ Իրանը կարող է Հայաստանին քաղաքական դրդապատճառներով գազ վաճառել, սակայն այն, միևնույն է, բավական թանկ կլինի։
Փորձագետը ենթադրում է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է հասնել 270-300 դոլարի։
«Դա ենթադրում եմ, թե որքանով ՌԴ-ն կբարձրացնի՝ չեմ կարող ասել։ Ենթադրաբար՝ կրկնակի կբարձրացնեն։ Ցավոք, հարաբերությունների նման կերպ պահպանման դեպքում գազի գինը բարձրանալու է, իսկ դա ազդելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա»,- նշեց նա։
Մասնագետը շեշտեց՝ գազի թանկացումը կարող է անդրադառնալ նաև էլեկտրաէներգիայի և տրանսպորտի ոլորտների վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30 տոկոսն ապահովում են գազով աշխատող ջերմակայանները, իսկ մեքենաների մեծ մասը նույնպես գազով է աշխատում։
«Դա միայն գազի գին չէ։ Մի ցիկլ չի թանկանալու, դա բերելու է ամբողջ տնտեսական համակարգի անկման։ Բնակչության վրա էլ է ազդելու, նրանք կրկնակի թանկ են վճարելու»,- հավելեց նա։
Փորձագետը հիշեցրեց՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ժամանակ Ռուսաստանը Վրաստանին գազ էր վաճառել 240 դոլարով։
Էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը ևս կարծում է, որ գազի գնի վերանայման ընթացքում կարող են ի հայտ գալ գնագոյացման հետ կապված նոր դրույթներ։
«Միգուցե թանկանա գազի գինը։ Սակայն կարծում եմ, որ կողմերը խոհեմ և հավասարակշիռ կգտնվեն և չեն վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, որոնք իրականում ռազմավարական նշանակություն ունեն», նկատեց Մարջանյանը։









